«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանը հեռացվեց գործի վարութից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով այսօր դատարան էր եկել ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի հայրը: Վերջինս դատարանի որոշմամբ ներգրավվեց գործում որպես տուժողի իրավահաջորդ:  Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը դատարանին հայտնեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերի պաշտպանությամբ զբաղվի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը Վահրամ Տեփանոսյանին տեղեկացրեց, որ Արայիկ Պապիկյանը սույն գործով համարվում է պաշտպան և չի կարող լինել և՛ ամբաստանյալների պաշտպանը, և՛ տուժողի, քանի որ կա շահերի բախում:

Նշենք, որ վերջինս սույն քրեական գործով հանդիսանում է Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպանը:

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է Պապիկյանի ծառյությունից, քանի որ տուժողի իրավահաջորդի շահն իր համար գերակա է:

Արայիկ Պապիկյանի պաշտպանությունից հրաժարվեց նաև Արայիկ Խանդոյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնեց, որ չկա որեւէ հակասություն, եթե Պապիկյանը ստանձնի տուժողի շահերի պաշտպանությունը, քանի որ վերջինիս նախկին պաշտպանյալներ Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին առաջադրված չէ մեղադրանք Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Դատարանն էլ հայտնեց, որ ընդունում է ամբաստանյալների հրաժարումը իրենց պաշտպանից, սակայն որոշեց Արայիկ Պապիկյանին չներգրավել գործում որպես տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան: Արդյունքում Արայիկ  Պապիկյանը հեռացվեց գործի վարույթից։