«Սասնա ծռեր»-ի անդամ Գառնիկ Հովակիմյանը ևս ազատ է

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ 
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն իր պաշտպանյալ Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ փոխարինելու միջնորդություն ներկայացրեց՝ վստահեցնելով, որ իր պաշտպանյալը ազատությամ մեջ գտնվելով կդրսևորի պատշաճ վարքագիծ:
«Գառնիկ Հովակիմյանն ունի առողջական խնդիրներ, սակայն վերջինս չի ցանկանում բարձրաձայնել, կարող եմ հստակ նշել, որ առողջական խնդիրը ձեռք է բերել քրեակատարողական հիմնարկում։ Գրավի միջնորդություն չեմ կարող առաջարկել, քանի որ վերջինս վճարունակ չէ»,-ասաց Մուշեղ Շուշանյանը։ 

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը։  Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակացական սենյակից վերադառնալով հրապարակեց որոշում միջնորդությունը բավարարելու վերաբերյալ։

Արդյունքում, Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով՝ ստորագրությամբ չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարեց Արայիկ Պապիկյանի միջնորդությունը ևս, և վերջինիս պաշտպանյալ Արմեն Լամբարյանը ազատ արձակվեց 500 000 դրամ գրավով։

Դատարանը տեղեկացրեց, որ Արմեն Լամբարյանի գրավը վճարված է և այս պահից նա ևս ազատության մեջ է