«Սասնա Ծռեր» անդամ Արամ Հակոբյանը հիվանդանոցում է. Դատական նիստը հետաձգվեց

Երւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող Սասնա ծռերի քրեական գործի քննությունն այսօր մեկ շաբաթով հետաձգվեց։ Գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը դատական նիստին չէր ներկայացել. վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի։

Պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին հայտարարեց, որ իր պաշտպանյալ Հակոբյանն այս պահին ստացիոնար բուժում է ստանում «Էրեբունի» ԲԿ-ում. «Անցկացված հետազություններից պարզվկսյել է, որ Արամ Հակոբյանը երկու անգամ ուղեղի կաթված է ստացել, սակայն չի զգացել դա։ Հենց դրա հետ կապված, նա արագ հոսպիտալացվել է եւ անցնում է գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված մի շարք հետազոտություններ»,- հայտարարեց Տիգրան Եգորյանը։

Համաձայն դատական օրենսգրքի համապատասխան նորմերի, առանց ամբաստանյալի ներկայության, դատական նիստը շարունակվել չի կարող։ Դատավարական կողմերը չառարկեցին նիստը հետաձգելու դեմ, ուստի դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ քրեական գործի քննությունը կշարունակվի հուլիսի 6-ին։
Պաշտպան Եգորյանը, Forrights-ի հետ զրույցում անդրադարձավ իր պաշտպանյալի առողջական վիճակին, նշելով, որ այս պահին ավելի է սրվել. «Արամ Հակոբյանի առողջական վատ վիճակը ոչ ոքի համար նորություն չէր։ Շատ երկար ժամանակ մենք այդ մասին ահազանգում էինք, բայց իրավասու մարմիններն անհաղորդ էին մնում։ Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս՝ մեծ բարեբախտություն է, որ ծանր եւ անդառնալի հետեւանքներ չի եղել կալանքի մեջ գտնվելու ընթացքում»,- փաստեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ դատարանը բավարարել էր Տիգրան Եգորյանի միջնորդությունը եւ 500.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արամ Հակոբյանին։