Ռուսաստանը 15 հայց է ներկայացրել ԱՀԿ 6 տարվա ընթացքում

2018 թվականի օգոստոսի 22-ին լրացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության 6-րդ տարին։ 18 տարի շարունակ բանակցություններ վարելու արդյունքում՝ Ռուսաստանը դարձել է ԱՀԿ-ի 156-րդ անդամ երկիր։

ԱՀԿ-ին անդամակցելու մասին Ռուսաստանի կայացրած որոշումը բազմիցս քննադատության է արժանացել երկրի քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից։ Շատերը կոչ են արել նաև լքել կազմակերպությունը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը 6 տարվա ընթացքում օգտվել է իրեն ընձեռված հնարավորություններից և լուրջ հաջողությունների է հասել։

ԱՀԿ-ին անդամակցելու տարիների ընթացքում Ռուսաստանը 15 հայց է ներկայացրել կազմակերպություն։ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանը ներկայացրել է Եվրոպական միության դեմ իր առաջին հայցը՝ արտահանման և ներմուծման գործընթացներում հակադեպինգային և ոչ մաքսային միջոցների վերաբերյալ։ Եվրոպական միության դեմ Ռուսաստանի ներկայացրած երկրորդ հայցը վերաբերում է «Երրորդ էներգաբլոկ» միջոցառումների կիրառմանը։ Այնուհետև, Ռուսաստանը հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ՝ ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը բարձրացնելու մասին կայացված որոշման դեմ։

Ռուսաստանի ներկայացրած հայցերը վերաբերում են, հիմնականում, ռուսական արտադրանքի ապրանքների ներմուծման համար մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանելու մասին այլ երկրների կայացրած որոշումներին։ 2018 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանը հայց է ներկայացրել նաև ԱՄՆ-ի դեմ՝ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։

ԱՀԿ-ին անդամակցության 6 տարիների ընթացքում Եվրոպական Միությունը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ճապոնիան նույնպես մի քանի հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի ներկայացրած 15 հայցերից 3-ի շուրջ ԱՀԿ-ն որոշում է կայացրել ի օգուտ Ռուսաստանի, սակայն 3 հայց չի բավարարել։ Դեռևս քննության փուլում են գտնվում 9 հայց։ Ինչպես ցույց է տալիս փորձը, ԱՀԿ ներկայացված հայցերը կարող են քննվել մի քանի տարի։ Կազմակերպությունը դեռևս չի լուծել նույնիսկ այն վեճերը, որոնց շուրջ հայց է ներկայացվել 1996 թվականին։