Ռուսաստանը պետք է դադարեցնի կալանավայրերում խոշտանգումները և մարդկանց բռնի  հոգեբուժական հիվանդանոցներ տեղափոխելը․ՄԱԿ-ի կոմիտե

Ժնևում ավարտվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել խոշտանգումների կիրառումը կալանավայրերում, բարենպաստ պայմաններ ապահովել ազատազրկված անձանց և կալանավայրում ծնված նրանց երեխաների համար և հրաժարվել հոգեբուժական հիվանդանոցներում մարդկանց հարկադրաբար պահելու պրակտիկայից։ ՄԱԿ-ի փորձագետները հատուկ ուշադրություն են հրավիրել նաև Ղրիմում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վրա:

Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանի ավարտից հետո ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի բանտարկյալներին խոշտանգումների ենթարկելու քաղաքականությունը և պատասխանատվության ենթարկի նման խախտումներ կատարող մեղավորներին: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն նշել է, որ Ռուսաստանը պետք է մեկ տարի հետո զեկույց ներկայացնի՝ Յարոսլավսկի շրջանի կալանավայրում բանտարկյալ Եվգենիյ Մակարովին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: Փորձագետները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ կալանավայրում տեղադրված տեսախցիկների նկարահանած տեսանյութերը, որոնք վկայում են Մակարովին հալածանքների ենթարկելու մասին, հայտնաբերվել են լրատվամիջոցների միջոցով՝ դեպքից միայն մեկ տարի անց։ Փորձագետների խումբը կոչ է արել տեղի իշխանություններին հետաքննել կալանավայրերում տեղի ունեցով բոլոր հանցագործությունները և բժշկական փորձաքննությունների իրականացման միջոցով պարզել կալանավայրերում տեղի ունեցած մահվան դեպքերը։ Նրանք նաև կոչ են արել իշխանություններին պաշտպանել տուժած Մակարովի շահերը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 20-ին ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որի մեջ պատկերված է, թե ինչպես են Յարոսլավսկի շրջանի կալանավայրի ոստիկանության 10 աշխատակիցներ ձեռնաշղթաներ հագցրել, այնուհետև, ծեծի ենթարկել բանտարկյալ Եվգենիյ Մակարովին և դույլով ջուր լցրել վերջինիս գլխին: Ռուսաստանի Քննչական կոմիտեն ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Գործի հետաքննության շրջանակներում կալանավորվել է 12 կասկածյալ, ոստիկանության 17 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ Ինչպես պարզվեց, միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի ամռանը: Ենթադրվում է, որ բանտարկյալին խոշտանգումների ենթարկելու պատճառ է հանդիսացել ուղղիչ հաստատության աշխատակիցիներից մեկի նկատմամբ Մակարովի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի դրսևորումը։

Այսպիսով, ՄԱԿ-ը քննադատել է Ռուսաստանի կալանավայրերում առկա վատ պայմանները և ազատազրկված անձանց խոշտանգումների ենթարկելու տեղի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Ռուսաստանն այս կապակցությամբ հայտարարել է, որ պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կալանավայրերում ազատազրկված անձանց համար կյանքի բարենպաստ պայմաններ ապահովելու և առողջապահության ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ։

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի անդամ պետություն։ Խոշտանգումների դեմ կոնվենցիան հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1984 թվականին։ Ներկայիս դրությամբ կոնվենցիան վավերացվել է 162 անդամ պետությունների կողմից։ Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է չորս տարին մեկ զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ կոնվենցիայով սահմանված պարտականություններն իրականացնելու համար իր կողմից ձեռնարկված օրենսդրական և վարչական միջոցների վերաբերյալ:

 Հայաստանը1993 թվականի հոկտեմբերի 13-ին նույնպես վավերացրել է  ՄԱԿ-ի այս կոնվենցիան։