Ռոստոմաշվիլին ընդդեմ Վրաստանի 

Դիմումատուն՝ Պաատա Ռոստոմաշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1973 թվականին, բնակվում է Վրաստանի Ախալդաբա գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության և իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին:

2006 թվականի մայիսին Վրաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր է ճանաչել՝ ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն գործելու համար: Դիմումատուին մեղավոր ճանաչելու մասին Դատարանի կայացրած որոշման համար հիմք է հանդիսացել սպանության զոհի հոր տված վկայությունը: Հարցաքննության ենթարկվելու ժամանակ վերջինս տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցներին, որ ականատես է եղել սպանության դեպքին:

Դիմումատուն բողոքել է քրեական գործով հիմնավոր ապացույցների բացակայության պայմաններում սպանության համար իրեն մեղավոր ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ: Դիմումատուն իր բողոքի մեջ նաև կասկածի է ենթարկել սպանության զոհի հոր տված վկայությունը՝ նշելով, որ վերջինս և սույն գործով 2 այլ վկաներ միմյանց հակասող վկայություններ են տվել: Մասնավորապես՝ Դիմումատուն նշել է, որ այդ 2 վկաներն անձամբ են հայտնել սպանության զոհի հորը կատարված դեպքի մասին:

2006 թվականի սեպտեմբերին Վրաստանի Գերագույն դատարանը պարզել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբողջովին և ճշգրիտ գնահատել է գործին փաստացի առնչվող բոլոր հանգամանքները: Այսպիսով, Գերագույն դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը և հաստատել է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Դիմումատուն բողոքել է, որ Դատարանը հավուր պատշաճի չի քննել իր ներկայացրած բողոքը և փաստարկները՝ սպանության զոհի հոր տված կեղծ վկայությունների վերաբերյալ, սակայն, ապարդյուն:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է գործին առնչվող հիմնավոր ապացույցների բացակայության պայմաններում կատարված սպանության համար իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Վրաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 3.600 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։