Ջրի թանկացումը կհանգեցնի շղթայական թանկացման

Ջրի սակագնի բարձրացումը ծանր բեռ կլինի սպառողների համար: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքերով   «Վեոլիա Ջուր» ընկերությունն ահռելի  կորուստների նվազեցմամբ  զբաղվելու և ջրագողությունը վերացնելու փոխարեն, ավելի հեշտ տարբերակ է գտել` ջրի սակագինն է բարձրացնում:

««Վեոլիա Ջուր» ընկերության տվյալներով ջրի կորուստը կազմում է 70-72 %, եթե իջեցնեն կորուստը, ապա դրա հաշվին կկարողանան իջեցնել նաև ջրի սակագինը: Ջրի գողությունները բավական շատ են, և դա ավելի շատ մասնավոր հատվածում է կատարվում»,-ասաց նա, հավելելով, որ վերոնշյալ թանկացումը անընդունելի է և անհիմն:  

Ըստ Կարեն Չիլինգարյանի ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ դեռևս քննարկում չի եղել. «ՀԾԿՀ-ում կդրվի քննարկման, և մենք այդ ժամանակ կտեսնենք՝ որն է հիմնավորումը և ինչի՞ հիման վրա է բարձրանում սակագինը, սակայն այս պահին ոչ մի հիմնավորում չեմ գտնում թանկացնելու համար: Ոչ միայն ծառայության որակը չի բարձրացրել, այլ մի բան էլ սպառողներից բողոք կա` գրաֆիկից շեղման հետ կապված»,-ասաց նա, հավելելով, որ թանկացումը կարող է հանգեցնել մի շարք այլ խնդիրների:

«Ջրի թանկացումն իր հետևից,  հնարավոր է, բերի շղթայական այլ ծառայությունների և ապրանքների թանկացման: Թանկացնում են 14 դրամով, առաջարկելով դարձնել 194 դրամ, ինչի դեռևս հստակ հիմնավորում չկա »,- նշեց ՀԿ-ի նախագահը:   

Կարեն Չիլինգարյանի խոսքերով, իրենք դեռևս սպասում են հանձնաժողովի քննարկմանը, որից հետո պարզ կլինի` ջրի սակագինը կավելանա, թե ոչ.  «Հույս ունենք, որ ՀԾԿՀ-ն կքննարկի և կհետազոտի  առաջարկը ջրի թանկացման վերյալ, որից հետո կամ գոնե չնչին կթանկացնի, կամ ընդհանրապես չի թանկացնի»,- հույս հայտնեց նա:

Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։  Խմելու ջրի սակագնի բարձրացման պատճառը կապված է ընկերության մեծ խնդիրների ու կորուստների հետ: Ըստ հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջարկում է ներկայում 1³ մ. ջրի արժեքը սահմանված 180 դրամից հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամից առաջարկվում է հասցնել 58.3-ի:

Նյութը՝ Ելենա Արամյանի