Ջեն Փսակին անդրադարձել է Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը

PsakiԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 28-ին անդրադարձել է Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ն տեղյակ է իրավիճակին, Փսակին պատասխանել է.

«Կոնկրետ այս դեպքի վերաբերյալ մենք բավականաչափ տեղեկացված չենք: Մենք շարունակում ենք կողմերին տեղեկացնել, որ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը, կոչ ենք անում կողմերին կրկնապատկել բանակցությունների սեղանի շուրջ իրենց ջանքերը, կենտրոնանալ այն օգուտների վրա, ինչը խաղաղությունը կբերի ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Փսակին: Շարունակելով լրագրողի հարցին պատասխանել՝ Պետդեպարտամենտի մամլո խոսնակը նշել է, որ կոնկրետ ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունից տեղյակ չէ և առաջարկել է ավելի ուշ տեղեկացնել դրա վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: