ՊՊԾ գնդի  ժամանակ զոհված ոստիկանների այրիները դատարանում են. «Սասնա ծռերի» գործով հետազոտվում են հեռախոսազանգերի ձայնագրությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով հետազոտվում են ապացույց հանդիսացող հեռախոսազանգերի ձայնագրությունները։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դահլիճում գտնվող անձանց զգուշացրեց, որ ձայնագրություններում առկա են հայհոյախառն արտահայտությունները և, եթե մարդիկ կան, որոնք չեն ցանկանում լսել կարող են դուրս գան։

Խոսակցությունների ձայնագրություններից պարզ են դառնում, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ ներսում գտնվող շտապօգնության աշխատակիցները հաճախակի զանգահարել են և’ իրենց տնօրենին, և’ իրենց հարազատներին։

Ձայնագրություններից մեկում Արայիկ Խանդոյանի հետ զրույցի ժամանակ շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը խնդրում է բաց թողնել բժիշկներին՝ մանրամասնելով, որ վերջիններիս ծնողներն են եկել իր մոտ, սակայն Արայիկ Խանդոյանը հրաժարվում է բաց թողնել։

«Գոնե էդ կնոջը ազատեք, ինքը կին է ձեր մեջ ինչ պետք է անի։ Դու տղամարդ ես»,- ասում է Թագուհի Ստեփանյանը, ինչին ի պատասխան Արայիկ Խանդոյանը պատասխանում է. «Քաքն եմ ընկել, որ տղամարդ եմ»:

Հավելենք, որ այսօրվա նիստին դատարան էին եկել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված Գագիկ Մկրտչյանի և Յուրի Ստեփանոսյանի այրիները։ Դատարանը վերջիններիս ներգրավեց որպես տուժողի իրավահաջորդներ և թույլատրեց մասնակցել դատական նիստին։