ՊՆ-ի պարզաբանումը՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների բաց նամակին 

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն:

Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաև շենքային ընդհանուր պայմանների առումով: Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի պատճառով Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», որն ունի բավարար լաբորատոր և գործիքային ախտորոշիչ, ինչպես նաև փորձառու բժշկական կադրերով համալրվածություն ու շենքային հիանալի պայմաններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բժշկական օգնության և սպասարկման համապատասխան մակարդակ ու որակ: Բացի այդ, բժշկական կենտրոնը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու:

Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը: Խնդրի լուծման նպատակով ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում եղել է ներկայացուցիչ նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանից, ուսումնասիրել և քննարկել են ստեղծված վիճակը, կազմակերպվել են ացելություններ և հանդիպումներ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ: Տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելու և թափուր հաստիքները համալրելու լավագույն տարբերակներից մեկը համարվել է բժշկական կենտրոնի լուծարումը և տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հանձնարարումը կայազորային հոսպիտալին:

Այդ նպատակով հոսպիտալի կառուցվածքում նախատեսվել են բոլոր այն բուժական բաժանմունքները և ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնակչության բուժսպասարկումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար: Հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների և ծառայությունների (մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն է տալու «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թվարկված բաժանմունքերի բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ: Ընդ որում, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շենք-շինությունները և բժշկական գույքն հնարավորություն են տալու բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել նույն տեղում (ք. Սիսիան), իսկ  հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ գործող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:

Ինչպես հոսպիտալների նոր կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և դրանցում Սիսիանի բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքների բուժաշխատողների ամբողջությամբ տեղափոխումը, այնպես էլ գույքի փոխանցումը և լուծարային գործընթացն իրականացվելու է օրենքով սահմանված կարգով, որի ընթացքում բնակչության բուժօգնությունը և սպասարկումը կազմակերպվելու և իրականացվելու է նույնությամբ ու ամբողջ ծավալով՝ առանց խաթարումների: Արդյունքում հնարավորություն ենք ստանալու ապահովել Սիսիան քաղաքի և 36 գյուղերի 26000 բնակչության առավել որակյալ և անվտանգ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժսպասարկումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկական ուժի առավել արդյունավետ օգտագործումը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն