ՊԵԿ-ում հանդիպել են առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ: Ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

Հանդիպմանը խոսվել է նաև տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցից: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ,  փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:  Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի հետ: