Պարասկևոպոուլոսն ընդդեմ Հունաստանի

Դիմումատուն՝ Պանագիոտիս Պարասկևոպոուլոսը, ազգությամբ հույն է, ծնվել է 1964 թվականին և ապրում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ տեղի համայնքի ղեկավարին և ավագանուն վիրավորելու և նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար իրեն կալանավորելու որոշման վերաբերյալ։

2007 թվականին Դիմումատուն հունական թերթում հոդված է հրապարակել։ Իր հեղինակային հոդվածում Դիմումատուն քննադատել է քաղաքականության մեջ ներգրավված այն անձանց, ովքեր չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը։ Դիմումատուն իր հոդվածում նաև մեղադրել է պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ հանրության կողմից օգտագործվող տարածքը սեփական շահերի համար օգտագործելու և այլ ապօրինի գործողություններ կատարելու մեջ։ Տեղի համայնքի ավագանին դատական հայց է ներկայացրել Դիմումատուի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության հիմքերով։

2010 թվականի հուլիսին Հունաստանի ներպետական դատական ատյանները պարզել են, որ Դիմումատուն իր հեղինակային հոդվածում անդրադարձել է տեղի համայնքի ավագանուն։ Հիմք ընդունելով Հունաստանի Քաղաքացիական օրենսգիրքը՝ Առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին և դատապարտել է նրան 2 ամսվա պայմանական ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ իր հոդվածում իրականությանը համապատասխանող լրատվություն է հաղորդել և հանրային շահ հանդիսացող խնդիր է բարձրացրել։ Այնուամենայնիվ, Հունաստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ Դիմումատուի հեղինակային հոդվածի շարադրանքն իր մեջ վիրավորանք է պարունակում քաղաքական գործչի նկատմամբ, անգամ եթե այդ տեղեկությունը ճշգրիտ է։ Այնուհետև, տեղի համայնքի ավագանին իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց է ներկայացրել Դատարան։ Դատարանի որոշմամբ՝ 2014 թվականի հուլիսին Դիմումատուն վճարել է ավագանուն 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Վերջինս բողոքել է տեղի քաղաքական գործչի գործունեության մասին դատողություններ անելու և հոդված հրապարակելու համար իրեն կալանավորելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հունաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 7․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 5․655 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։