Պաշտպանների միջնորդությունները ամբաստանյալներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ դատարանը մերժեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:  

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը  իր պաշտպանյալին կալանքից անհապաղ ազատելու մասին որոշում կայացնի: Միջնորդության մեջ հիմք նշելով, այն որ դատարանի կայացրած կալանքի մասին որոշման ժամկետը լրացել է.  «Սահմանված ժամկետը կալանքի վերաբերյալ լրացել է, սակայն երկարացման մասին որոշում չի կայացվել»,-ասաց նա:

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: ՄԵղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց, մանրամասնելով, որ վերջինիս համար հիմքեր չկան: Դատարանը 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց՝ հեռանալով խորհրդակցական սենյալկ՝ վերոնշյալ միջնորդության մասին որոշում կայացնելու նպատակով: Ընդմիջումից հետո հրապարակեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդության մերժման մասին որոշումը. «Թորոս Թորոսյանին ներկա պահին անհապաղ ազատ արձակելու համար դատարանը հիմքեր չի տեսնում»,-մանրամասնեց դատավորը:

Նշենք, որ պաշտպանները դատավոր Արթուր Օհանյանից պահանջեցին, որ վերջինս տրամադրի դատաքննություն սկսելու մասին որոշումը: Որոշոմը ստանալուց հետո նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև  ամբաստանյալներ Արայիկ և Մարտիրոս Հակոբյանների պաշտպան Լուսինե Սահակյանը. «Իմ պաշտպանյալների նկատմամբ նշանակված կալանքի ժամկետը եղել է մինչև  2017 թվականի հուլիսի 30-ը, սրանից հետո նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց երկարացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել»,-նշեց նա:

Մյուս պաշտպաններն ու ամբաստանյալները միացան Լուսինե Սահակյանի միջնորդությանը: Մեղադրող Հակոբ Ենոքյանը կրկին առարկեց միջնորդության դեմ, նշելով հիմքերի բացակայության մասին, ինչին ի պատասխան ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը ասաց. «Դուք վախենում եք, դրա համար էլ դեմ եք. էդ վախի ազդեցությունն ա, որ մեզ անպետքության մեջ են թողնում»:

Դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջումից հետո՝ խորհրդակցական սենյակից վերադարձավ և միջնորդության մերժման մասին որոշում հրապարակեց:

Ամբաստանյալ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացավ, վերջինս դատարանին դիմեց խնդրանքով, որ նիստը հետաձգվի, ինչին ի պատասխան դատավորը առաջարկեց շտապօգնություն կանչել. «Ես կգերադասեի գնալ, խնդրում եմ նիստը հետաձգեք»,-ասաց Արամ Հակոբյանը: Դատավորն էլ իր հերթին ամբաստանյալին ասաց. «Ձեզ ընդառաջում ենք, շտապօգնություն ենք կանչում»,-արդյուքում դատական նիստը ընդմիջվեց և շտապօգնություն հրավիրվեց:

Դատական ընդմիջումից հետո բոլոր ամբաստանյալները եկան նիստերի դահլիճ, այդ թվում նաև Արամ Հակոբյանը, ով համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո արդեն լավ էր զգում:  Վերջինիս պաշտպան Դավիթ Գյուրջյանը ամբաստանյալին ազատ արձակելու մասին միջնորդություն ներկայացրեց, հիմք ընդունելով և՛ վերչոնշյալ որոշման բացակայությունը, և՛ ամբաստանյալի մի շարք առողջական խնդիրները: Դատարանը մերժեց ամբաստանյալին ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի