«Պաշտպանները միջնորդություն են ներկայացնում անգրագետ ձևով».Լեզվաբանի ամուսնու սպանության գործ

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը։  

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը՝ հանձինս ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի, միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի հրապարակվեն  տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները՝ վերջինիս ներկայությամբ.

«Տուժողի նախաքննության ընթացքում տված ցուցմունքների և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ կան էական հակասություններ. նախաքննության ընթացքում հայտնել է, որ որդուն հարվածող երիտասարդների մոտ որևէ զենք չի եղել։ Դատաքննության ընթացքում ասել է, որ տղաների մոտ եղել են կտրող ծակող գործիքներ: Նախաքննության ընթացքում հայտնել է, որ որդին էլ է նրանց հարվածել, իսկ դատաքննության ընթացքում ասել է, որ առնվազն հրել է, միջադեպի տևողության վերաբերյալ էլ կան ակնհայտ հակասություններ՝ մի տեղ նշել է 10 րոպե, մի տեղ՝ 3 րոպե»,- ասաց պաշտպանը հավելելով, որ տուժողի ներկայությունը կարևոր է, որպեսզի կարողանան հարցերի միջոցով պարզեն առկա հակասությունների պատճառները: 

Պաշտպանական կողմի մյուս պաշտպանները միացան միջնորդությանը՝ կարևորելով տուժողի ներկայությունը նախաքննական ցուցմունների հրապարակման ժամանակ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, նշելով, որ ոչ մի էական հակասություն չկա նրա ցուցմունքներում, քանի որ միայն մտքերի ձևակերպման խնդիր է. «Ի՞նչ կարևոր է թե մարդ ինչպես է մտքերը ձևակերպել՝ նախադասությունը մի տեղ այլ ձևով շարադրելը, իսկ մեկ այլ տեղ՝ այլ ձևով շարադրելը չի նշանակում հակասություն: Էմմա Աբրահամյանը ունի առողջական խնդիրներ և չի կարող ներկայանալ դատարան»:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն էլ պաշտպանական կողմին հորդորեց միջնորդությունը գրագետ ձևով ներկայացնել. «Պաշտպանները միջնորդույթուն են ներկայացնում անգրագետ ձևով: Կոչ եմ անում, որ Միհրան Պողոսյանը միջնորդության տրցակը գրագետ ձևով ներկայացնի»,-ասաց նա:

Դատարանը տուժողի իրավահաջորդին կոչ արեց վիրավորական արտահայտություններ չհնչեցնել պաշտպանական կողմի նկատմամբ, նշելով, որ հաջորդ անգամ նախազգուշական սանկցիա կկիրառվի:

Մեղադրող Վարդգես Սարգսյանն էլ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ խնդրեց դատարանից, դատարանը մեկ ու կես ժամ տրամադրեց, սակայն ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգեց, քանի որ մեղադրողը դիրքորոշում հայտնելու համար ավելի երկար ժամանակ էր խնդրել դատարանից:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին, Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը:  Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը  խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ`  դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` նույն խումբը կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին: