Պայթյուն Արմավիրի մարզում. կա տուժած

Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում, մեքենա է պայթել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը. վնասվել է մոտակայքում կայանած «Mercedes 180» մակնիշի 35 RT 423 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Զ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Աստղիկ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը դեպքի վայրում գտնվող 1958 թ. ծնված Ն. Շ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: