Պաղեստինը պատրաստվում է ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան

Պաղեստինը պատրաստվում է հայց ներկայացնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման վերաբերյալ:
Օրեր առաջ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաիբ Արիքաթը հայտարարել է, որ Պաղեստինյան ազգային վարչակազմը պատրաստվում է բողոք ներկայացնել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել է Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին և որոշում է կայացրել՝ Թել Ավիվում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Այնուհետև, Թրամփը հավելել է, որ իրեն վերջապես հաջողվել է իրականացնել իր նախընտրական խոստումը` ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու մասին: Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան նոր շենքի կառուցման աշխատանքների մեկնարկին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ Իսրայելի կազմավորման 70-ամյակի օրը:
Թրամփի կայացրած որոշումը քննադատել են պաղեստինցիները, ինչպես նաև՝ մի շարք երկրների ներկայացուցիչները։ Օրեր շարունակ արաբական աշխարհի մի շարք պետություններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Պաղեստինը հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին՝ դադարեցնելով վերջինիս դիվանագիտական ծառայությունը։
ԱՄՆ նախագահի որոշման վերաբերյալ դժգոհություն են հայտնել նաև Վաշինգտոնի դաշնակիցները։ Եվրոպական երկրները հայտարարել են, որ Թրամփի կայացրած որոշումը խախտել է միջազգային իրավունքը։ Ֆրանսիան և Գերմանիան նաև հայտարարել են, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է կարգավորվել միայն Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ երկխոսության վերականգնման դեպքում։
Սաիբ Արիքաթի խոսքերով՝ Պաղեստինը հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ առաջիկա օրերին։