Պաղեստինը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Պաղեստինը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Հաագայի Միջազգային դատարան։ Մասնավորապես՝ Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները բողոքել են Թել Ավիվում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Ավելի վաղ, Պաղեստինյան ինքնավարության արտգործնախարար Ռիադ Նաջիբ ալ-Մալկին մեղադրել է ԱՄՆ վարչակազմին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ։

Միջազգային դատարանը ընդունել է այս տարվա սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի դեմ Պաղեստինի ներկայացրած հայցը։ Հիմք ընդունելով 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան, որի դրույթների համաձայն՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է տեղակայված լինի ընդունող պետության տարածքում, Պաղեստինի ինքնավար վարչակազմը բողոքել է, որ ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին կայացված որոշմամբ ԱՄՆ իշխանությունները խախտել են Վիեննայի կոնվենցիան։ Այսպիսով, Ռամալլան պահանջում է Վաշինգտոնից վերադարձնել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվ և այսուհետ ձեռնպահ մնալ Վիեննայի կոնվենցիայով սահմանված պարտականությունները խախտող ցանկացած քայլից։

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին։ Այնուհետև, նա որոշել է Թել Ավիվում գտնվող ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Այս կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ իրեն վերջապես հաջողվել է իրականացնել ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու մասին տված իր նախընտրական խոստումը:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան նոր շենքի կառուցման մեկնարկը տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ Իսրայելի կազմավորման 70-ամյակի օրը: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու իր որոշման մասին։

Թրամփի կայացրած որոշումը սուր քննադության է արժանացել Պաղեստինի ներկայացուցիչների կողմից նաև այն պատճառով, որ վերջիններս Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաք:

ԱՄՆ նախագահի որոշման վերաբերյալ դժգոհություն են հայտնել նաև Վաշինգտոնի դաշնակիցները։ Մի շարք երկրներ նույնպես հայտարարել են, որ Թրամփի կայացրած որոշումը խախտել է միջազգային իրավունքը։