Չի կարելի դնել ու օրենքը բռնաբարել.  «Կայարանցի Թևոսիկ»-ի եղբոր սպանության գործով դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական աշխարհում, որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով որոշում կայացնելու:        

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողը հանդես էր եկել մեղադրական ճառով՝ դատարանից պահանջելով Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 25 տարվա ազատազրկման:

Տուժող Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի խոսքերով՝ ամբաստանյալի կողմից կատարվել են Մովսես Ներսիսյանի սպանությունը կատարելու ուղղությամբ բոլոր գործողությունները, այսինքն, դիակը չհայտնաբերելու պայմաններում այդ արարքը պետք է որակվի առնվազն, որպես սպանության փորձ: Նշենք, որ Իսրայել Սարգսյանը պնդում է, թե Մովսեսին չի սպանել, որ նա գնացել է Հայաստանից:

Այսօրվա դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան ռեպլիկներով: Ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հրաժարվեց ճառից, ասելով, որ պնդում է 4 ամիս առաջ իր պաշտպանական ճառը, ուստի հանդես եկավ միայն ռեպլիկներով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գործով, այս տարվա հունիսի 7-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու նպատակով, սակայն ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով դատական գործընթացը նորից վերսկսվեց: Այդ ժամանակ դատախազ Հայկ Հակոբյանը ևս պահանջել էր 25 տարվա ազատազրկում:

Ըստ պաշտպանի՝ վերոնշյալ գործով կա ապացույցների անբավարարություն: Հեկտոր Սարդարյանը կետ առ կետ անդրադարձավ մեղադրող  Արթուր Մանուկյանի ճառին՝ կասկած հայտնելով մեղադրողի կողմից հնչեցված ապացույցների ճշգրտության վերաբերյալ: Պաշտպանը նաև անդրադարձավ գործում առկա նյութերից տեսագրությանը և ասաց, որ որակը վերոնշյալ տեսանյութի լավը չէր. «Տեսանյութի մեջ ստվերի առկայություն կա, ն աև մեքենաների տեղաշարժ: Տեսանյութի մեջ երևում են մեքենայում անձիք ստվերով, որոնց նույնացնում են Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի հետ»,-անիմաստ համարեց սա պաշտպանը, նույնիսկ կասկածի տակ դրեց տեսանյութի օրինական տեսագրությունը, քանի որ հստակ երևում է, որ նկարահանված է մեքենայի ետևից, իսկ եթե թողոցի ձայնագրություն  է, ապա պետք էր անկյունային ռակուրսից նկարահանված լիներ: Պաշտպանը խոսեց նաև տեսագրության մոնտաժված լինելուց, ինչի մասին փաստել էին նույնիսկ մասնագետները:

«Խնդրում եմ՝ Իսրայել Սարգսյանի արդարացման որոշում կայացվի»,-իր խոսքը եզրափակեց Հեկտոր Սարդարյանը:

Ամբաստանյալը իր վերջին խոսքում ահիմն համարեց մեղադրական ճառը, քանի որ ըստ իրեն՝ դա ենթադրությունների հիման վրա է կազմված. «Չի կարելի օրենքը դնել ու բռնաբարել»,-ասաց նա:

Իսրայել Սարգսյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչել, չի ճանաչում և կպայքարի իր նկատմամբ արդար դատավճռի կայացման համար:

«Գործով բոլոր ապացույցները զիբիլ են: Խողովակում դիակ չկա. Կարո՞ղ ա կերել եմ»,-հայտարարեց նա:

Դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին՝ «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին  Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի