Ուսանողները լռության ակցիա են սկսել ԱԺ-ի դիմաց. փակել են մեքենաների մուտքը Դեմիրճյան փողոց

ԱԺ-ի դիմաց շարունակվում է տարկետման վերացման դեմ բողոքի ակցիան: Ըստ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանի՝ ԱԺ-ում տարկետումը սահմանափակելու վերաբերյալ օրինագծի ընդունումը նշանակում էր, որ այս 20 օրերի ընթացքում ուսանողների ձայնը չի լսվել:  

«Քանի որ մեր ձայնը ԱԺ-ում չեն լսում, ուրեմն մենք այլևս չենք խոսում և լուռ կանգնում ենք այս դռների դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենք փակել են ԱԺ-ի մեքենաների մուտքը եւ չեն պատրաստվում տեղի տալ։ Ապա ցուցարարները որոշեցին փակել ընդհանրապես մեքենաների մուտքը դեպի Դեմիճյան փողոց։

Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել և այս պահին գտնվում են ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է և նա դադարեցրել է հացադուլը, իսկ մյուսները նարունակում են իրենց հացադուլը:

Հավելենք նաև, որ Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Հիշեցնենք՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: