Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան

Հունիսի 12-ին Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու կոնվենցիաների ենթադրյալ խախտումների համար։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է լրատվամիջոցներին, որ Ուկրաինան կներկայացնի Ռուսաստանի դեմ հայցը ընթացիկ տարվա հունիսի 12-ին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան։ Ուկրաինայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է նաև հուշագիր ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան։ Կլիմկինի խոսքերով՝ հուշագիրը կարող է հաստատել Ռուսաստանի կողմից Ղրիմի թաթարների և ուկրաինացիների իրավունքների ոտնահարման մասին։

Արտգործնախարարը շեշտել է, որ Ուկրաինան լրջորեն մտադիր է ապացուցել կոնվենցիայի խախտումները։ Նրա խոսքերով՝ հուշագրում հավաքագրված տեղեկություններ կան՝ Դոնբասում Ռուսաստանի կողմից «ահաբեկչության ֆինանսավորման» վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին Հաագայի Արբիտրաժային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պարտավոր է մի շարք ուկրաինական ընկերություններին գումար վճարել՝ 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով Ուկրաինայի կորցրած ակտիվների համար: Ռուսաստանի դեմ 159 միլիոն դոլար գումարի չափով հայց է ներկայացրել 18 ուկրաինական ընկերություն և մեկ անհատ։ Սակայն Ռուսաստանը հրաժարվել է վճարել նշված գումարը՝ հիմնավորելով, որ տվյալ հայցի քննումը չի կարող իրականացվել Արբիտրաժային տրիբունալի իրավասության սահմաններում։