Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ ոստիկանության մի քանի ծառայողներ կողոպուտ կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ ոստիկանության տարբեր աշխատակիցներ իրեն սպառնացել են խիստ պատասխանատվության ենթարկել ու ծեծել` պահանջելով խոստովանական ցուցմունք տալ, իսկ նրանցից մեկը բռնություն է գործադրել, որի հետևանքով, վախի ազդեցության տակ, իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք է տվել:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Չարենցավան քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն, հաղորդում է տվել, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցը հանցագործություն կատարելու մասին խոստովանություն ստանալու նպատակով նշված բաժնում ծեծի է ենթարկել իրեն:

Ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել նաև  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Հ.-ն, ով հայտնել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ճանապարհին երկու ոստիկաններ ավտոմեքենայի մեջ հարվածներ են հասցրել իր գլխին, ապա` նույն օրը ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հանցագործություն կատարելու մասին խոստովանություն կորզելու նպատակով ոստիկանության շենքում ծեծի են ենթարկել իրեն և սպառնալիքներ տվել, որի հետևանքով խոստովանել է իր կողմից չկատարված ավազակության դեպքերը:

Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Ն. Ե.-ն, նախաքննության ընթացքում հայտնել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ոստիկաններից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր կրծքավանդակին, իսկ մյուս ոստիկանն էլ սպառնացել է,  որ ծեծի կենթարկի իրեն:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի, 309.1-րդ հոդվածի 1-ին մասի, 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: