Շրջակայքի աղտոտման համար տուգանքների կիրառման համակարգն անորոշ է

Կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրիով նախատեսում է աղբը չնախատեսված վայրերում նետելու համար տուգանք: Շրջակա միջավայրի  աղբոտման համար տուգանքներ սահմանվելը ըստ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի` ճիշտ մոտեցում է: 

«Տուգանքներ պետք է լինեն, դա ամբողջ աշխարհում ընդունված է, երբ դու խախտում ես անում` պետք է տուգանվես: Արդյունքում մեր քաղաքը կմաքրվի, ամեն քայլափոխի չենք տեսնի, որ ծխախոտը, թուղթը նետում են գետնին»,-ասաց նա հավելելով, որ պետք է այնպես սահմանվի, որպեսզի սպառողի և իրավաբանական անձանց միջև չլինեն խտրականության դրսևորումներ:

Ըստ Կարեն Չիլինգարյանի` շրջակայքի աղտոտման համար տուգանքների կիրառման համակարգն անորոշ է, թերի և միակողմանի.

«Օրինակ` նշվում է, եթե ուղևորը աղբ է նետում մեքենայից, ապա հենց ինքն էլ տուգանվում, բայց պարզ չէ, թե դա ինչպե՞ս է իրականացվելու, ինչպե՞ս են գտնելու ուղևորին, եթե վերջինս ասաց, որ գումար ու փաստաթուղթ չունի: Կամ փողոցում, որ քաղաքացին աղբ նետեց, ո՞վ պետք է տուգանի նրան: Ես համաձայն եմ, որ լինի տուգանք, բայց այնպես չլինի, որ տուժի անմեղ մարդը և կոռուպցիայի առիթ դառնա»,- մանրամասնեց  նա:

Ըստ բանախոսի` գաղափարը ճիշտ է, սակայն մեխանիզմի բացակայության պարագայում անհասկանալի է, թե ինչպես է դա իրականացվելու:

Հիշեցնենք, որ արդեն իսկ հանրայաին քննարկման է ներկայացված «Համայնքային թափոնների կառավարման» մասին նոր օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի 8-րդ հոդվածում սահմանվում է շրջակա միջավայրը աղտոտելու մասին արգելքը:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում են նոր հոդվածներ, որոնցով սահմանվում են տուգանքներ՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար:

Նախագծով սահմանվում են շրջակայքի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով նախատեսում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով (16 հազար դրամ):

Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից` քսանապատիկի չափով (20 հազար դրամ):

Շրջակայքի աղբոտումը կատարված փոխադրամիջոցից, առաջացնում է տուգանքի նշանակում  վարորդի, իսկ հանրային, այդ թվում երկաթուղային, փոխադրամիջոցի դեպքում՝ իրավախախտի նկատմամբ, սահմանված նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկի  չափով (24 հազար դրամ):

Շրջակայքի աղբոտումը մարտկոցներով, էլեկտրական կուտակիչներով, էլեկտրալամպերով, էլեկտրոնային ապրանքներով, գրաֆիտային էլեկտրոդներով, կտրող և ծակող առարկաներով /ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ/,  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):

 Շրջակայքի աղբոտումը 2 կգ և ավել համայնքային թափոնով /բացառությամբ սույն հոդվածի հաջորդ մասով նախատեսված դեպքերից/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  ֆիզիկական անձնաց դեպքում`  երեսունապատիկի (30 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):

Ամբողջությամբ նախագիծը այստեղ` https://www.e-draft.am/projects/382

Նյութը` Ազնիվ Սիրադեղյանի