Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին:

ՀՀ Պաշտպանույթան նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նույն օրը նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ի երեկոյան ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները «Գաֆեսճյան» քանդակների պուրակում («Կասկադ» համալիր) կմասնակցեն «Ռեինկարնացիա» խմբի համերգին:

Օգոստոսի 24-ին ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: