Նոր առաջարկ՝ շրջիկ առևտրով զբաղվողների համար

Քննարկման է դրվել  «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 〈այսուհետ նախագիծը〉:

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում են դրույթներ համաձայն որոնց.

  • Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ըստ նախատեսվող գործունեության իրականացման վայր(եր)ի:
  • Շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
  • Շրջիկ առևտրի կետի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` տարանջատված մեկուսամասերում:
  • Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:
  • Տեղական ինքնակառավարման մարմինները տարեկան կտրվածքով սահմանում են այն վայրերի ցանկը, որտեղ կարելի է շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացնել վաճառք:

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեության իրականացման օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կանոնակարգումը, տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի հստակեցումը և որոշակիության ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: