«Նորքի  զինված խմբի» գործով հրապարակվեց գաղտնի ձայնագրությունը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը:   

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին տեղեկացրեց, որ մեղադրողներ Գևորգ Սարգսյանն ու Գևորգ Արսենյանը նիստերի դահլիճից դուրս են գալիս դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով. «Պաշտպանյալս էլ կարող է փաստել այդ, նաև մյուս ամբաստանյալներին էլ, որ հարցնեք, նրանք էլ կասեն: Սա խորհրդային տարիների օրինակն է, որ դատախազներն ու դատավորները նիստից առաջ սուրճ էին խմում: Արդարադատությունից ելնելով՝ դատախազն ու դատավորը շփում չեն ունենում»,-ասաց նա, ինչին ի պատասխան դատավորը արձագանքեց, որ իրենք շփում չունեն և, որ ոչ ոք չի կարող դա փաստել:

Մեղադրող Գևորգ Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք նիստերի դահլիճ մտել են և դուրս են եկել այդտեղից  միայն գլխավոր մուտքով, իսկ ծառայողական մուտքով անցել են միայն միջանցքում կանգնելու և հեռախոսով զրույց ունենալու նպատակով. «Նման բան չկա, մենք միշտ նիստերի դահլիճ մուտք ենք գործել գլխավոր մուտքով»,-ասաց նա, ինչին ի պատասխան Հայկ Ալումյանը մեջբերեց պրակտիկանտի ասածը, որն իրեն տեղեկացրել էր դատախազների ծառայողական մուտքով  ելք ու մուտքի անելու մասին. «Մեզ, ի՞նչ է, հետևում են, որ մի հատ էլ պրակտիկանտը տեսել է»,-արձագանքեց Սարգսյանը:

Պաշտպան Հայկ Ալումյանը դատախազին ասաց, որ վերջինս արդեն 2-րդ անգամ է ստում և դատարանից պահանջեց ճշտել վերոնշյալ հարցը, քանի որ դրանից ելնելով դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունի հայտնելու: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ասաց, որ նման բանի ականատես չի եղել, սակայն  կճշտի:

Շարունակվեց ապացույցների հետազոտումը.  դատախազ Էդգար Արսենյանն ընթերցեց գործի նյութերում որպես ապացույց ներգրավված ձայնագրության վերծանումը: Վերոնշյալ ձայնագրությունը հայտանբերվել է սույն գործից մաս անջատված գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի համակարգչի զննույթան արդյունքոււմ: Ձայնագրությունը կատարել է հենց ինքը՝ Լիլիթ Թորոսյանը, Վահան Շիրխանյանի տանը: Ձայնագրության մեջ խոսում են  ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը և Արթուր Վարդանյանը, նաև Լիլիթ Թորոսյանը:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանըըստ ձայնագրության վերլուծության, Վահան Շիրխանյանից ցանկանում է ճշտել, թե Ներքին զորքերի և Պաշտպանության նախարարության քայլերը ե՞րբ մոտավորապես կլինեն, ինչին ի պատասխան Վահան Շիրխանյանը հավանականությամբ հայտնում է, որ պատրաստ կլինեն հոկտեմբերի սկզբին կամ մինչև հոկտեմբերի կես: Ժամանակահատվածը ճշտելուց հետո Արթուր Վարդանյանը փորձում է ճշտել՝ արդյո՞ք Վահան Շիրխանյանը խոսել է Սեյրանի հետ. «Սեյրանը գնացել էր շրջան, էս շաբաթվա մեջ՝ շաբաթ-կիրակի, մի հատ անպայման կնստենք, կխոսենք: Մեր օֆիսը պետք է լինի Պաշտպանույթան  շենքն Աշտարակի ճանապարհի վրա: Նախնական ինքը համաձայնվել ա՝ լինելու են 20 հազարից ոչ պակաս սպաներ, դրսի գեներալներ, մի երկու ադմիրալ ունենք: Շատ հզոր բան է լինելու: Հիմա ես էս բանից հետո, ասել եմ իրեն, որ պետք ա դու նախագահը լինես, իսկ ինքն էլ, թե՝ չէ, դու պետք ա լինես: Ես էլ՝ չէ, նախագահը պետք ա գործող անձը լինի՝ դու, ես ամեն ինչով քեզ կօգնեմ: Դա ստեղծելուց հետո կլինի մի հատ պահեստային բանակ»,- ասում է Վահան Շիրխանյանը ձայնագրության մեջ:

Հետագայում խոսակցությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ Սեյրան անունով անձը նույն ինքը՝ Պաշտպանւթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

Ըստ ձայնագրության վերծանման՝ Արթուր Վարդանյանը շարունակում է և  Վահան Շիրխանյանին հարցնում, թե Սեյրանը արդյո՞ք գիտի հստակ՝ ինչ կարող է լինել, ինչին ի պատասխան  Վահան Շիրխանյանն ասում է, որ Սեյրանին նախապես ասել է ժողովրդի ատելության մասին. «Ասել եմ, որ Ժողովրդի ատելությունն էնքան մեծ ա, որ մի օր մեկ է կլսես հեռուստացույցով, որ էսպես բան է եղել, ի՞նչ ես անելու: Ասեց, որ ժողովրդի դեմ դուրս չեմ գա»:

Արթուր Վարդանյանն էլ իր հերթին Վահան Շիրխանյանին հարցնում է, թե  Սեյրան Օհանյանը կկարողանա բանակը պահել, որպեսզի վերջիններս փողոց դուրս չգան, քանի որ դուրս գալու պարագայում արյունահեղություն կլինի: Վահան Շիրխանյանն իր հերթին հավաստիացնում է, որ ոչ մի տանկ փողոց դուրս չի գալու: Ա.Վարդանյանը փորձում է հստակեցնել, թե արդյո՞ք Ներքին զորքերն էլ դուրս չեն գա փողոց, որին ի պատասխան Վ.Շիրխանյանն ասում է. «Չէ, տենց բաներին Ներքին զորքերը չեն կարա չխառնվեն, որովհետև քաղաքի մեջ իրար կրակում են»:  Արթուր Վարդանյանն էլ արձագանքում է, որ պետք է այնպես անել, որ Ներքին զորքերը չխառնվեն, ուստի պետք է քաղաքից դուրս ծրարգել, որպեսզի «բոլորը» մի տեղում լինեն, սակյան Վահան Շիրխանյանն ասում է, որ «բոլորը» Ա.Վարդանյանին պետք չեն, միայն մի քանիսն են պետք. «Ամեն շաբաթ մի անգամ գնում են մի հատ հիմար կա՝ Մհերի գազազապրավկայում բլոտ խաղալու: Մհերը, իրա հետ պետք ա լինի Չորնի Գագոն»,- Ա.Վարդանյանն էլ հարցնում է. «Իսկ Սաշիկը՞»,- Շիրխանյանն էլ ասում է, որ վերջինս նրա հետ չի լինում:

«Ասենք Սերժը վարի գնաց»,- ասում է Արթուրը, որի խոսքը շարունակում է Շիրխանյանը. «Ամեն ինչ անցնում է Սեյրանի ձեռը միանգամից և ինքն էլ կշարժվի մեր ասածով»: Խոսակցության շարունակությունում Արթուր Վարդանյանը ցանկություն է հայտնում անձամբ խոսելու Սեյրան Օհանյանի հետ՝ թեկուզ գաղտնի, ինչին ի պատասխան Վ.Շիրխանյանն ասում է, որ նա կզգուշանա հանդիպել, իսկ չի զգուշանա միայն այն ժամանակ, երբ իրենք ստեղծեն  «միությունը»:

Խոսակցության մեջ Արթուր Վարդանյանը Վահան Շիրխանյանին հայտնում է, որ Ազատության հրապարակում ցույց են կազմակերպել՝ հակասահմանադրական, որը իրենց ծրագրածի հետ ոչ մի կապ չունի: Հետագայում խոսքի մեջ հստակեցնում է, որ ոչ թե ինքն է կազմակերպել, այլ՝ ինքը օգնում է մի քանի նախաձեռնություններին, որպեսզի ցույցը խաղաղ լինի. «Ազատության հրապարակում ա լինելու էդ ամեն ինչը, տեղը վերցված ա և այլն: Նենց ենք անելու, որ բառի բուն իմաստով բախում չլինի, լրիվ օրինական ցույց լինի»,-  ասում է նա:

Վահան Շիրխանյանը հետո խոսում է ինքնաթիռի խոցման մասին՝ «Ինթնաթիռը թռնում է  ու ընկնում է, թող մեջը մի հիսուն մարդ լինի: Ամենահեշտ բանը ասելն է, թե խփեցին »,- Արթուրն էլ հստակեցնում է.  «Նախիջևանի կողմից»,- Շիրխանյանն էլ. «Հա, վերջացավ: Հիսուն տարի  են ման գալու, թե ո՞նց եղավ, ի՞նչ եղավ»:

«Էդ «Մուկը», «Դոդը» «Լֆիկը» ժամանակին գողացել են, գռփել էս ժողովրդից»,- ասում է Վ.Շիրխանյանը:

Խոսակցության մեջ Վ. Շիրխանյանը ասում է, որ ամենագլխավորը մշտական  ինֆորմացիային ճշգրիտ տիրապետելն է՝ ո՞ւր է գնալու ինքնաթիռը. «Այս ամենի համար հստակ ինֆորմացիայի աղբյուր է պետք՝ հավաստի մարդ»:

Շիրխանյանը հայտնում է, որ այդպիսի մարդ կա, և այդ մարդը, ենթադրաբար, կիմանա իրենց անհրաժեշտ տեղեկությունները. «Ուրեմն ինքը կիմանա, որովհետև թռիչքի և վայրէջքի ժամանակ իրենք ուղեկցում են: Հասկացա՞ր: Էսօր պետք ա զանգեն՝ ասեն՝ պատրաստվեք դիմավորելու, երկու հատ պետք ա անպայման թռնեն ու իրար ուղեկցեն»:

Մեղադրող կողմը հրապարակեց նաև, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի տան զննության արդյունքում հայտնաբերվել է 11 փամփուշտ, 1 որսորդական հրացան և  1 մեկփողանի հարցան:

Դատական նիստին Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը կրկին վատացավ, շտապօգնություն հրավիրվեց, նիստը ընդմիջվեց:

Ընդմիջումից հետո ամբաստանյալ Արա Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ անդրադարձավ օրերս Հայաստանի ԵՄ-ի հետ կնքած հանաձայնագրին՝ նշելով, որ փոփոխություններ չի նախատեսվում, քանի որ դատարաններում շարունակում են ընթանալ քաղաքական դատավարություններ. «Հարգելինե’րս, Հայաստանը չի կարող փոխվել և երբեք էլ չի փոխվի, քանի դեռ բանտերում փակված են քաղաքական գործերով տասնյակ ամբաստանյալներ»:

«Որևէ հեղաշրջում մենք երբեք չենք ցանկացել և չենք էլ ցանկանում, նման գաղափարի մենք չենք հարել և չենք հարում»,- ասաց Արա Պողոսյանը:

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղանի