«Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը շատ մեծ առաջընթաց է Հայաստանի համար». իրանագետ

«2015թ. Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են 120-130 մլն դոլար, նավթի առևտուրը չհաշված, այնինչ 2016թ. արդեն իսկ զգալի աճ է նկատվել: Դա պայմանավորված է անցած տարի 2 երկրների միջև համաձայնագրի կնքմամբ (2016թ  դեկտեմբերի 5—ին, Իրանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվեց, այդ  փաստաթուղթը նախատեսում էր համագործակցություն էներգետիկայի, էլեկտրականության փոխանակման, բնական գազի, Արաքս գետի բնապահպանական հարցերի, բանկային և ապահովագրության, առևտրի և տնտեսության ոլորտներում- Ռ.Վ)»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ինչպես նշում է իրանագետը, երկու կողմից էլ դժգոհություններ կան առևտրաշրջանառության վերաբերյալ, հստակեցնելով, որ երկրներում առկա են բավարար չափով ռեսուրսներ այդ փոխգործակցությունն ավելի ամրացնելու, ծավալները մեծացնելու համար:

Նկատենք, որ անցած տարվա հունիս ամսին կնքված հուշագրի համաձայն՝ Իրանի և Հայաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ավելի մեծ թափ ստացավ զբոսաշրջությունը Իրանից Հայաստան և հակառակ ուղղությունով, ավելի մատչելի դարձավ Հայաստանից Իրան մտնող մեքենաների երաշխիքային գումարը՝ 500 դոլարից նվազելով մինչև 90 դոլար:

Խոսելով Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման համաձայնագրի մասին, Արմեն Իսրայելյանը շեշտեց, որ սա մեծ առաջընթաց է մեզ համար.

«Համաձայնագրի հիմնական նպատակն է՝ երկու երկների միջև տնտեսական հեռանկարային ծրագրերը կյանքի կոչել: Դա վերաբերում է ինչպես երկրում առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և տնտեսական ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմանը, այնպես էլ՝ տարանցիկ բեռափոխադրումներ իրականացնող ոլորտին, մասնավորապես՝ Պարսից ծով, Սև ծով ճանապարհային միջանցքի գործարկմանը»:

Նշենք, որ նախկինում Իրան-Թուրքիա երկրների միջև էլ կար  համագործակցություն, և, չնայած այն հանգամանքին, որ այժմ նույնպես կա այդ համագործակցությունը, բայց վերջին տարիներին խիստ նվազել են նրանց միջև առևտրաշրջանառության ծավալները: Այս ամենը կապված է 3 գործոններով. Թուրքիայի բացասական վերաբերմունքը Թեհրանի դիրքորոշմանը՝ Սիրիայի վերաբերյալ, Թուրքիայի տարածքում իրանական բեռնատարների, գնացքների վրա պարբերաբար կատարվող հարձակումները և, թերևս, ամենակարևոր հանգամանքը՝ Թեհրանը պաշտոնապես կոչ արեց իր գործարարներին, որ բեռնափոխադրումները դեպի Եվրոպա  Թուրքիայի փոխարեն անցկացնեն Հայաստանի տարածքով:

«Մեզ համար շատ կարևոր նախագիծ է Իրան-Հայաստան գազամուղը, այս հանգամանքը նկատի ունենալով, մենք պետք է միշտ մեր օրակարգում պահենք Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, անկախ պահանջվող ֆինանսական մեծ միջոցներից »,- իր խոսքն ավարտեց իրանագետը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի