Նովոտնին ընդդեմ Չեխիայի Հանրապետության 

Դիմումատուն՝ Ֆրանտիշեկ Նովոտնին, ազգությամբ չեխ է, ծնվել է 1942 թվականին և ապրում է Չեխիայի Բատելով քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր հայրության ճանաչման փաստի մասին վճիռը չեղյալ հայտարարելու որոշման վերաբերյալ։ 

Դիմումատուն տևական ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մի կնոջ հետ: 1966 թվականին ծնվել է այդ կնոջ և Դիմումատուի ենթադրյալ դուստրը։ Հիմք ընդունելով Դիմումատուի և երեխայի մոր միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին հաստատող վկաների ցուցմունքները և ԴՆԹ գենետիկական թեստավորման արդյունքները՝ 1970 թվականին Ջիհլավայի շրջանային դատարանը ճանաչել է Դիմումատուի հայրության փաստը՝ երեխայի նկատմամբ։ Հետագայում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում երեխայի մայրը հարաբերությունների մեջ է գտնվել նաև մեկ այլ տղամարդու հետ, սակայն Դատարանը որոշել է, որ Դիմումատուն է հանդիսանում երեխայի կենսաբանական հայրը։

2011 թվականին Դիմումատուն դիմել է Դատարան և պահանջել է վերսկսել իր գործի վարույթը։ Գործի շրջանակներում Դիմումատուն դիմել է նաև ավագ քննիչին՝ իր անունից դատարանի առջև իր ենթադրյալ երեխայի նկատմամբ հայրության փաստը վիճարկելու համար։

2012 թվականին իրականացված ԴՆԹ գենետիկական թեստավորման արդյունքները հաստատել են, որ Դիմումատուն չի հանդիսանում երեխայի կենսաբանական հայրը։ Այնուամենայնիվ, ելնելով երեխայի լավագույն շահերից՝ քննիչը մերժել է Դիմումատուի պահանջը՝ պատճառաբանելով, որ նման ընթացակարգով գործի քննությունը կարող է բացասական ազդեցություն թողնել երեխայի (նշված ժամանակահատվածում՝ չափահաս անձի) հոգեկան կարգավիճակի վրա։ Այնուհետև, Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան՝ երեխայի հայրության փաստը վիճարկելու համար, սակայն ապարդյուն։ Չեխիայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած հայցը՝ res judicata «լուծված գործ» սկզբունքի (դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում) հիման վրա։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է հայրության փաստի վիճարկման համար իր ներկայացրած հայցը մերժելու որոշման արդարացիության մասին։ Վերջինս իր բողոքի մեջ նաև նշել է, որ Չեխիայի ներպետական դատական ատյանները մերժել են իր ներկայացրած հայցը՝ ԴՆԹ գենետիկական թեստավորման արդյունքները գործին կցելու վերաբերյալ։

 Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը մերժել է Դիմումատուի ներկայացրած հայցը՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։