Ներսես Պողոսյանին բանտում սպառնացել և հայհոյել են. լարված իրավիճակ Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:

Նիստը սկսվելուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Այնուհետև, Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ, որով խնդրում էր դատարանին հետաձգել դատական նիստը` Ներսես Պողոսյանի առողջական խնդիրների պատճառով: Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը արդեն 22 օր գտնվում է հացադուլի մեջ, ունի առողջական խնդիրներ, որոնց ավելացել են  նաև սրտի ցավերը: Պաշտպանը դատարանին հայտնեց, որ երեկ Ներսեսին տեղափոխել են պատժախուց` նրա մոտից արգելված իր գտնելու պատճառով. «Երեկ երեկոյան փորձել եմ տեսակցել Ներսեսին, սակայն չեմ կարողացել: Այսօր՝ վաղ առավոտյան, իմացել եմ, որ եղել են խնդիրներ, և ինչ-որ անձնավորություն մտել է այդ խուցը, հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել Ներսես Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին»,- ասաց պաշտպանը:

Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ իր պաշտպանյալի նկատմամբ հատուկ անձնավորված հետապնդում կա. «Ներսես Պողոսյանի հետ կապված կա հստակ ինչ-որ գործողությունների շարք, և ստեղծում են այնպիսի իրավիճակ, որպեսզի պաշտպանը չկարողանա այցելել նրան: Զարմանալիորեն հացադուլի մեջ գտնվող անձի մոտ 21-րդ օրն արգելված իր են հայտնաբերում, ինչպե՞ս է արգելված իրը հայտնվել հացադուլ անողների խցում, ի՞նչ ճանապարհով է դա այնտեղ գնացել և ինչո՞ւ 21-րդ օրը դրա մասին սկսեցին խոսել»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդությունը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել միջնորդությունը. «Քրեակատարողական հիմնարկի կողմից մինչ ամբաստանյալներին դատարան ուղեկցելը ամբաստանյալներն անցնում են համապատասխան ստուգում, և, եթե ամբաստանյալն ի վիճակի չէ մասնակցել դատական քննությանը, ապա նա չի ուղեկցվում դատարան, իսկ դատարանը նման հիմնավոր տեղեկատվություն չի ստացել»,- իր խոսքում նշեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

«Ես հրաժարվել եմ բոլոր տեսակի բուժօգնություններից, և ինձ առավոտյան չեն զննել: Ես ի վիճակի չեմ դատական նիստին մասնակցելու»,- դատարանին հայտնեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանը:

Դատավորը որոշեց նիստն ընդմիջել 30 րոպեով և կանչել շտապօգնություն Ներսեսին զննելու համար:

Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ ըստ բժշկական տեղեկանքի Ներսեսն իր ոտքով գնացել է զննության համար նախատեսված սենյակ և  հրաժարվել է բուժօգնությունից, հետևաբար  նիստը պետք է շարունակվի: Ներսես Պողոսյանը տեղից բացականչեց, որ այս ամենը սուտ է, և ինքն իր ոտքով չի գնացել զննության սենյակ:

Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը ևս մեկ անգամ միջնորդեց դատարանին՝ հայտնելով, որ Ներսեն իրեն վատ է զգում, և հարկավոր է հետաձգել նիստը:

«Ես գտում եմ, որ անթույլատրելի է, որպեսզի նիստը շարունակվի: Ես ստիպված եմ դատարանին հայտարարել, որ այսուհետ մենք հնարավոր է այլևս չմասնակցենք այս դատական նիստին»,- իր դիրքորոշումը հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Ժիրայր Սեֆիլյանը ոտքի կանգնեց և հայտարարեց դատարանին, որ չի պատրաստվում մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը: Ներսես Պողոսյանը, ինչպես նաև պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանացը և Տիգրան Հայրապետյանը ևս ոտքի կանգնեցին, որպեսզի հեռանան դատական նիստերի դահլիճից, ինչի պատճառով խառնաշփոթ առաջացավ դատարանում:

Ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող  անձինք ևս զայրացան դատավորի պահվածքից և սկսցեին բղավել, հնչեցնելով`  «Ամոթ», «Մահ ռեժիմին» և այլ վանկարկումներ: Նիստն անհասկանալի պատճառով ընդմիջվեց, և դատավորը հեռացավ նիստերի դահլիճից:

Նիստն սկսվելուց հետո պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը և Տիգրան Հայրապետյանը չմտան նիստերի դահլիճ, ինչի պատճառով դատարանը հեռացավ պաշտպանների  նկատմամբ սանկցիա կիրառելու:

Մոտ 1 ժամ ընդմիջումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական սանկցի կիրառեց դատարանում ներկա կանանցից մեկի` Ստելլա Աբաջանյանի նկատմամբ, քանի որ վերջինս անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել դատավորի հասեցին, և նրան հեռացրեց նիստերի դահլիճից` մինչև դատաքննության ավարտը:

Դատավորը որոշեց պաշտպանների նկատմամբ ևս կիրառել դատական սանկցի և դիմել Փաստաբանական պալատ, իսկ Ժիրայր Սեֆիլյանի համար ներգրավել  հանրային պաշտպան:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը` Ելենա Արամյանի