Նազարբաևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը

NazarbaevՂազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «ԵՏՄ-ի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը:

Այս մասին հաղորդում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքէջը:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը վավերացրել էր դեկտմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 19-ին այն վավերացվել էր նաև խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից:

Վավերացված պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության շրջանակում կնքված այլ միջազգային պայմանագրերին: Նշվում է, որ կվերանայվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կհստակեցվի ԵՏՄ-ի Միասնական մաքսային դրույքաչափը:

Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարի անցումային շրջան՝ Հայաստանի ներմուծման մաքսային դրույքաչափերը Միասնական մաքսային դրույքաչափին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, 12-ից 60 ամիս անցումային շրջան է նախատեսվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար:

Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: Բացի այդ, պայմանագրով վերապահվում են այլ պետությունների տարածքով ապրանքների տարանցման առանձնահատկությունները նույնականացման հատուկ միջոցների կիրառմամբ, և կանոնակարգում են սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կառանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառման հետ կապված հարցերը:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում: Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա պայմանագիրը ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ բոլոր մասնակից երկրների կողմից այն վավերացվելուց հետո, բայց ոչ շուտ, քան 2015 թ. հունվարի 1-ը: