Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատու Ալբերտ Մովսիսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ իր դստեր մահվան (որը ենթադրաբար բժշկական անփութության պատճառով էր տեղի ունեցել) հանգամանքների բավարար հետաքննություն չէր անցկացվել:

Դիմումատուի դուստրը եղել է հղիության վաղ շաբաթներում, երբ տանն ամուսնու ու ծնողների հետ գտնվելու ժամանակ ուշաթափվել է ու սկսել ցնցվել: Շտապ օգնությունը ժամանել է կանչից միայն 40 րոպե անց: Շտապ օգնության ժամանելու պահին աղջիկն արդեն եղել է գրեթե անգիտակից վիճակում՝ շնչառության խանգարմամբ և արյան ցածր ճնշմամբ:

Բժիշկը ռելանիումի և մեկ մագնեզիումի ներարկում է  արել ու աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Կ.Մ.-ն գիտակցության չգալով՝ 2007թ.-ի սեպտեմբերի 14-ին մահացել է հիվանդանոցում։ Նույն օրը դատախազությունը հարուցել է քրեական գործ ու նույն օրը կատարվել է դիահերձում: Նախաքննության ընթացքում քննիչը հարցաքննել է մահացածին բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկներին, և որոշել է անցկացնել դատաբժշկական  փորձաքննություն։ Փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ կատարված ներարկումները եղել են ողջամիտ: 2008թ.-ի փետրվարին քննիչը որոշել է ավարտել քրեական գործի վարույթը:

Այնուհետև, Մովսիսյանն դիմել է դատախազություն՝ պահանջելով անցկացնել նոր դատաբժշկական փորձաքննություն, որին իրեն նույնպես թույլ կտրվի մասնակցել:

Դատախազությունը վերացրել է 2008թ.-ի փետրվարի որոշումը և նոր քննություն սկսել: 2008թ.-ի ապրիլին անցկացվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որը ևս գտել է, որ կատարված ներարկումները ճիշտ են եղել, հիվանդին տրամադրվել է պատշաճ բուժօգնություն և հիվանդանոց հիվանդին արագ հասցնելը չէր կարող կանխել դիմումատուի աղջկա մահը Դատախազությունը որոշել է կարճել քրեական գործի վարույթը։

Այս գործով Եվրոպական դատարանը նշեց, որ քրեական գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ շտապ օգնության անձնակազմը դիմումատուի աղջկան չի ցուցաբերել պատշաճ բուժօգնություն։ Դատարանի համար զարմանալի էր այն, որ այս հանգամանքը քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու որոշման մեջ ընդհանրապես չի նշվել կամ հաշվի առնվել։ Ընդ որում, հետագայում դատարանի կողմից կայացված որոշումների մեջ նշվում էր, որ Կ. Մ.-ն ստացել էր համապատասխան բժշկական օգնություն, այն դեպքում, երբ միևնույն ժամանակ քննիչի կողմից բժիշկը զգուշացվել էր իր պարտականությունները վատ կատարելու համար։

Նման հանգամանքներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, որը երաշխավորում է, որ «յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

ՄԻԵԴ-ն այս վճռով Հայաստանին պարտավորեցրել է հայցվորին վճարել 12 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: