Միջազգային դատարանում սկսվել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը 

Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։ 

Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։

Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները հարկադրանքի ներքո լքել են արշիպելագը և տեղափոխվել են Մավրիկիոս և Սեյշելյան կղզիներ։ Ներկայումս կղզիներում բնակվում են մոտ 3․000 բրիտանացի և ամերիկյան զինվորներ՝ իրենց ընտանիքներով: Մավրիկիոսի անկախությունը ճանաչվել է 1968 թվականին, սակայն Չագոս արշիպելագը շարունակել է գտնվել բրիտանական գաղութային իշխանությունների տիրապետության տակ և ամբողջովին բաժանվել է Մավրիկիոսից։ Մավրիկիոսի իշխանությունները պնդում են, որ բրիտանական իշխանությունների իրականացրած գործողություններն օրինական հիմքեր չունեն։ Բացի այդ, 2016 թվականին բրիտանական իշխանությունները որոշել են մինչև 2036 թվականը երկարաձգել արշիպելագի կղզիների վարձակալության ժամկետը՝ հայտարարելով, որ համապատասխան ժամանակահատվածում վտարված բնակիչները չեն կարող հետ վերադառնալ: Այսպիսով, Մավրիկիոսի իշխանությունները հայց են ներկայացրել Միջազգային դատարան՝ պահանջելով վերադարձնել արշիպելագն օրինական բնակիչներին։

Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը սկսվել է սեպտեմբերի 3-ին և կշարունակվի 4 օր։ Միջազգային դատական ատյանները պետք է որոշում կայացնեն՝ Մեծ Բրիտանիայի կողմից Չագոս արշիպելագի տիրապետման օրինական հիմքերի առկայության կամ բացակայության մասին։

Նախկին Բրիտանական գաղութները և Կիպրոսը Մավրիկիոսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով դատավարությանը կպաշտպանեն Մավրիկիոսի շահերը։ Աֆրիկյան Միությունը, ԱՄՆ-ն և ուրիշ երկրներ նույնպես կմասնակցեն դատավարությանը՝ որպես սույն գործով դատավարության կողմեր։

Ավելի վաղ, Միացյալ Թագավորությունը բողոքել է Միջազգային դատարան հայց ներկայացնելու մասին Մավրիկիոսի կայացրած որոշման դեմ։ Այնուամենայնիվ, միջազգային դատական ատյանները սկսել են Մավրիկիոսի ներկայացրած պահանջի և հայցի քննությունը: Գործի շրջանակներում Արարադատության միջազգային դատարանի դատավորները կքննեն 22 երկրների ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ միայն ԱՄՆ-ն, Ավստրալիան և Իսրայելը կաջակցեն Լոնդոնին։