Միջազգային դատարանը կհրապարակի Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով վճիռը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին Միջազգային դատարանը կհրապարակի ԱՄՆ-ի ղեմ Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ իր կայացրած որոշումը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Թեհրանը պահանջել է դադարեցնել հակաիրանական պատժամիջոցների կիրառումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ կբողոքարկեն Իրանի ներկայացրած հայցը և կպաշտպանեն իրենց ազգային շահերն ինչպես Միջազգային դատարանում, այնպես էլ՝ դիվանագիտական ​​մակարդակում։  ԱՄՆ իշխանությունները նաև բազմիցս հայտարարել են, որ Իրանի ներկայացրած հայցի քննությունը դուրս է Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից։
Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային դատական ատյանները կընթերցեն Իրանի ներկայացրած հայցի մասին իրենց կայացրած վճիռը հոկտեմբերի 3-ին ժամը 10։00-ին (տեղական ժամանակով) Հաագայի Խաղաղության պալատում անցկացվելիք բաց նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ Միջազգային դատարանում Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով դատական լսումները սկսվել են այս տարվա օգոստոսի 27-ին և շարունակվել են 4 օր։

Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռները պարտադիր բնույթ են կրում, սակայն Դատարանը չի կարող պարտադրել երկրներին կատարել դրանք՝ իրավական լծակների բացակայության պատճառով։

Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կսկսի նաև Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած մյուս հայցի քննությունը: