Մինչեւ տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8%

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած համատեղ նիստում աշխատանքային ձեւաչափով քննարկել են «Հարկաբյուջետային կանոնների մասին» ՀՀ կառավարության առաջարկը:

Զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է պետական պարտքի եւ պետական բյուջեի պակասուրդի գործող կանոնները, դրանց առավելություններն ու թերությունները, դրանց վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային ներկա կանոնների արդիականացման եւ նոր սերնդի կանոնների ներդրման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից մշակված առաջարկությունների փաթեթները:

Նախարարը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8%: «Մենք ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում ենք, թեեւ մոտ ենք այդ միջակայքի վերին շեմին եւ միջին պարտքի ցուցանիշ ունեցողների շարք անցնելուն»,- նշել է Վարդան Արամյանը:

Հիմնական զեկուցողը շեշտել է, որ բացարձակ թվերն այնքան էլ կարեւոր չեն. կարեւոր է վարվող քաղաքականությունը, թե ինչպես է կայունացվում եւ աստիճանաբար նվազեցվում պարտքը: Կարեւոր է նաեւ, որ դա լինի ՀՆԱ առաջանցիկ աճի հաշվին: Նախարարը նշել է, որ սեպտեմբերի սկզբին տարբեր գերատեսչությունների հետ է քննարկվել այդ առաջարկը: «Կանոնների կարեւորագույն մեխն այն է, որ անկախ նրանից, թե ով կլինի ֆինանսների նախարարը, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է իրականացվի կանոններով»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանել է նաեւ պատգամավորիներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին վարվող հարկաբյուջետային քաղաքականությանը, պետական պարտքի նվազեցմանը: