Մինդեկն ընդդեմ Խորվաթիայի

Գործը վերաբերում է 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին Խորվաթիայի ներկայացրած միջնորդությանը։ 

Դիմումատուն՝ Անտոն Մինդեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1932 թվականին։ Դիմումատուն Խորվաթիայում լույս տեսնող օրաթերթում 2 հոդված է հրապարակել՝ մեղադրելով իր հարևանին իրեն պատկանող տունը և այգին կողոպտելու մեջ։ Այնուհետև, Դիմումատուի ներկայացրած բողոքի հիման վրա վերջինիս հարևանի դեմ քրեական գործ է հարուցվել։

Դիմումատուի հարևանի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով հարուցված քրեական գործի դատավարությունը սկսվել է 2003 թվականին և ավարտվել է 2007 թվականին։ Քրեական գործի դատավարության շրջանակներում Խորվաթիայի ներպետական դատական ատյանները պարզել են, որ Դիմումատուի հարևանին կեղծ մեղադրանք է առաջադրվել։ Առաջին ատյանի դատարանը որոշել է, որ Դիմումատուն պարտավոր է իր հարևանին պատճառված բարոյական վնասի և դատական ծախսերի համար փոխհատուցման վճարումներ կատարել։

Դիմումատուն չի իրագործել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և չի վճարել իր հարևանին դատական կարգով սահմանված փոխհատուցման գումարի չափը։ 2007 թվականին Խորվաթիայի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) Դիմումատուի դեմ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև, ԴԱՀԿ-ն ծանուցել է Դիմումատուին՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը բռնագրավելու և այն վաճառքի հանելու որոշման մասին։ Մինչ այդ, Դիմումատուն ամբողջությամբ վճարել է իր պարտքը և հայց է ներկայացրել Դատարան՝ իր դեմ հարուցված կատարողական վարույթը կարճելու պահանջի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած հայցը։ Այնուհետև, 2011 թվականին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքը պաշտոնապես փոխանցել են նրա հարևանին։ Հետագայում, Դիմումատուն նաև սահմանադրական բողոք է ներկայացրել, սակայն, ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն իր հարևանին փոխանցելու և բնակելի տան իր բաժնեմասը հարկադրաբար վաճառքի հանելու որոշման արդարացիության մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ ամբողջությամբ մարել է իր պարտքը, սակայն Դատարանը մերժել է կատարողական վարույթը կարճելու պահանջի վերաբերյալ իր ներկայացրած հայցը։

2016 թվականի օգոստոսի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջմտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Խորվաթիան պարտավոր է դատական ծախսերի համար Դիմումատուին վճարել 1․050 եվրո գումարի չափով փոխհատուցում։

2017 թվականի փետրվարի 10-ին Խորվաթիայի կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին միջնորդություն է ներկայացրել։ Կառավարությունը նշել է, որ համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն և վերջինիս կինը չեն բնակվել բռնագրավված տանը, և դա վճռորոշ ազդեցություն է ունեցել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հարցում։ Խորվաթիայի իշխանությունների խոսքերով՝ Դիմումատուի իրավունքները չեն խախտվել, և նա հարկադրաբար չի վտարվել՝ բնակելի տան նրա բաժնեմասը դատական կարգով վաճառքի հանելու որոշման հետևանքով։ Այսպիսով, Խորվաթիան միջնորդություն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կայացված վճիռը վերանայելու և գործը Մեծ պալատի քննարկմանը փոխանցելու պահանջով։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Մինդեկն ընդդեմ Խորվաթիայի գործով կայացված վճռի վերանայման մասին Խորվաթիայի կառավարության ներկայացրած միջնորդությունը։