Միհդի Փերինչեքն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Միհդի Փերինչեքը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Դիյարբեքիր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իր որդու սպանության դեպքի վերաբերյալ։

Դիմումատուի որդին՝ Շիյարը, սպանվել է 2004 թվականի մայիսի 28-ին։ Նա սպանվել է ոստիկանության սպայի կրակոցի հետևանքով՝ Թուրքիայի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ։ Ոստիկանության սպայի խոսքերով՝ հատուկ գործողություններն իրականացվել են՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպության կողմից նախապատրաստվող ահաբեկչական հարձակումը կանխելու նպատակով։ Դիմումատուի որդուն դեպքի վայրից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

2007 թվականին Թուրքիայի առաջին ատյանի դատարանը ազատել է ոստիկանության պետին պատասխանատվությունից՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության դիմելու իրավունքի հիմքով։ Դիմումատուն, որը ներկայացել է դատարանի առջև որպես միջնորդ, բողոքել է դատարանի կայացրած արդարացման վճռի դեմ։ Նա մեղադրել է ոստիկանության պետին՝ դատարանում կեղծ վարկած ներկայացնելու համար։ Դիմումատուն բողոքի մեջ նշել է, որ իր որդին անզեն է եղել, և ոստիկանության սպան մոտ տարածությունից կրակել է նրա վրա։ Նա նաև բողոքել է, որ հետաքննության ժամանակ ոստիկանների կողմից տեղի են ունեցել կոպիտ և անօրինական խախտումներ, սակայն 2009 թվականի մարտին Դիմումատուի բողոքները վերջնականապես մերժվել են։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է իր որդու անհիմն սպանության և Թուրքիայի ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ Թուրքիայի ներպետական դատական ատյանները պատշաճ կերպով չեն իրականացրել իր որդու սպանության գործով քրեական հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 50․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։