ՄԻԵԴ վճիռ. Լյապինն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigECHR 234 (2014)
24.07.2014.
Լյապինն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4695603)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Լյապինն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռել է, որ առկա է եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում): Խախտումն արձանագրվել է երկու հիմքով: Առաջին հիմքով պրն Լյապինը ենթարկվել է տանջանքների ոստիկանության կողմից, երկրորդ, պրն Լյապինի բողոքի հիման վրա չի իրականացվել արդյունավետ հետաքննություն: Գործը մեծապես վերաբերում է քրեական գործեր հարուցելու մերժման պրակտիկային այն գործերով, որոնք վերաբերում են ոստիկանության կողմից դաժան կամ անմարդկային վերաբերմունք դրսևորելուն:

Դատարանը արձանագրել է, որ Ռուսաստանի քննչական մարմինների կողմից քրեական գործ հարուցելու և հիմնավոր դիմումի հիման վրա հետաքննության անցկացման մերժումը հավասարեցվում է արդյունավետ հետաքննություն չիրականացնելուն, որը նախատեսված է 3-րդ հոդվածով:

Այդպիսի մերժումը չի կարող ոստիկանության աշխատակիցներին չներշնչել անպատժելիության զգացում: Պետական իրավասու մարմինների կողմից համապատասխան հետաքննության անցկացումը ուղղակի անհրաժեշտ պայման է, որպեսզի պահպանվի հասարակության վստահությունը իրավունքի գերակայության սկզբունքի նկատմամբ, որպեսզի բացառվի ցանկացած դավադրության կամ անօրինական գործունեության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը:

Սկզբունքային փաստեր

Դիմումատու Սերգեյ Լյապինը (ծն. 1964 թ.) Ռուսաստանի քաղաքացի է և բնակվում է Նիժնի Նովգորոդ քաղաքում:

2008 թվականի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Վոլոդարսկու շրջանում հերթապահություն իրականացնող ոստիկանները՝ տեղական ավտոտնակներից մի շարք գողություններ կատարելու կասկածով պրն Լյապինին բերման են ենթարկել Իլինգորսկ գյուղի ոստիկանական բաժանմունք:

Ինչպես հայտնել է պրն Լյապինը, ոստիկանության աշխատակիցները այնուհետև նրան ենթարկել են տանջանքների, որպեսզի պրն Լյապինը խոստովանի, որ կատարել է նշված գողությունները: Ոստիկանները նրա բերանը փակել են կտորով, կապել են նրան պարանով, հարվածներ են հասցրել տիկնիկներով, ձեռքերով, ոտքերով, ենթարկել են էլեկտրական հոսանքահարման: Պրն Լյապինը պաշտոնապես չեր ճանաչվել կասկածյալ,  սակայն հարցաքննվել է գողության հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով: Նրան փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորություն չի տրվել, և ձերբակալվածի ընտանիքը չի տեղեկացվել նրա ձերբակալության մասին: Պրն Լյապինը շուրջ 12 ժամ այդ պայմաններում հարցաքննության ենթարկվելուց հետո խոստովանական ցուցմունք է տվել գողություն կատարելու վերաբերյալ, այնուհետև 2008 թվականի ապրիլի 26-ին տեղափոխվել է վարչական կարգով ձերբակալված անձանց պահելու վայր: Հաջորդ օրը ձերբակալվածի կինը և եղբայրը եկել են բաժանմունք և հայտնաբերել են ձերբակալվածին առողջական ծանր վիճակում: Նրա համար կանչվել է շտապ բուժօգնություն, այնուհետև նշված անձին տեղավորել են հիվանդանոցում, որտեղ ստացել է ստացիոնար բուժում մինչև 2008 թվականի մայիսի 7-ը: Հետագայում դիմումատուն նշել է, որ ստիպված է եղել խոստովանել գողության կատարումը, քանի որ ենթարկվել է տանջանքների, նա նշել է, որ մարմնական վնասվածքները հասցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Բժիշկները նշել են, որ նրա մարմնին առկա վնասվածքները կարող են լինել նրա կողմից նկարագրված գործողությունների հետևանք: Մասնավորապես, փորձագետներից մեկը չի բացառել, որ նրա ձեռքի վրայի վնասվածքները կարող են լինել հոսանքահարության արդյունք: 2009 թվականի նոյեմբերին մեկ այլ դատաբժշկական փորձագետ պատրաստել էր ևս մեկ եզրակացություն, որն արդեն հիմնված էր առկա բժշկական տվյալների վրա, փորձագետը նշել էր, որ բավարար չեն ապացույցները, որոնք կփաստեին այրվածքների՝ հոսանքահարության արդյունք լինելու հանգամանքը:

Քննչական կոմիտեն, իրականացնելով հետաքննչական ստուգում, մերժել է պրն Լյապինի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը՝ բավարարվելով միայն ոստիկանության աշխատակիցների տված բացատրություններով: Նշված որոշումը հետագայում Կոմիտեի կողմից ստուգումը ոչ ամբողջական անցկացված լինելու հիմքով չեղյալ է ճանաչվել: Ընդհանուր առմամբ առկա է եղել քրեական գործ հարուցելու 10 մերժում և դրանցից բոլորը (բացառությամբ վերջինի) մերժվել են անցկացվող ստուգումները ոչ լիարժեք անցկացված լինելու հիմքով: Ռուսական դատարանները մերժել էին պրն Լյապինի բողոքը, որը ներկայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հետաքննչական ստուգումները եղել են պատշաճ իրականացված և մերժման մասին որոշումը եղել է օրինական և հիմնավորված:

Բողոքը, ընտացակարգը  Դատարանի կազմը

Առաջնորդվելով 3-րդ հոդվածով` պրն Լյապինը պնդում էր, որ Իլինգորսկի ոստիկանական բաժանմունքում ենթարկվել է տանջանքների, որը նպատակ է ունեցել կորզել իրենից գողություն կատարելու մեջ խոստովանական ցուցմունք, նա նաև բողոքում է, որ իշխանությունները չեն ապահովվել արդյունավետ քննություն իր դիմումի հիման վրա: Դիմողը առաջնորդվելով 13-րդ հոդվածով (3-րդ հոդվածի համակցությամբ)  նաև բողոքում է, որ չի իրականացվել արդյունավետ հետաքննություն, որի արդյունքում նա զրկվել է տուժողի կարգավիճակ ստանալու հնարավորությունից:

Գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2009 թվականի օգոստոսի 27-ին:

Վճիռը կայացվել է պալատի կողմից` հետևյալ կազմով.

Isabelle Berro-Lefèvre (Մոնակո), նախագահ,

Julia Laffranque (Էստոնիա),

Paulo Pinto de Albuquerque (Պորտուգալիա),

Linos-Alexandre Sicilianos (Հունաստան),

Erik Møse (Նորվեգիա),

Ksenija Turković (Խորվաթիա),

Dmitry Dedov (Ռուսաստան), դատավորներ

և Søren Nielsen, բաժանմունքի քարտուղար:

Դատարանի վճիռը

Դատարանը վճռել է, որ պրն Լյապինը ներկայացրել է հստակ և մանրակրկիտ նկարագրություն այն վերաբերմունքի մասին, որին նա ենթարկվել է բաժանմունքում: Այդ նկարագրությունը համընկնում է իր ներկայացրած դիմումներին, որոնք նա ներկայացրել է ազգային պատկան մարմիններին, և դրանք հաստատվել են բժշկական եզրակացություններով: Հետևաբար Դատարանը գանգատը հիմնավոր է համարել, որը 3-րդ հոդվածի մասով ենթակա է քննության:

Կառավարությունը ընդունել է, որ ոստիկանության աշխատակիցները պրն. Լյապինին ենթարկել են դաժան վերաբերմունքի, և դրանով տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում: Դատարանը չի գտել այլ հիմքեր, որոնց հիման վրա կհանգեր այլ հետևության: Դատարանը նշել է, որ ոստիկանները դիտավորյալ են ենթարկել դաժան վերաբերմունքի, զրկել են նրան կասկածյալի իրավունքներից և բոլորովին անպաշպան վիճակում եղած պրն. Լյապինին ենթարկել են հոսանքահարության: Այս բոլոր գործողությունները կատարվել են պրն Լյապինից խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Այդպիսի վերաբերմունքը հասցրել է նրան մարմնական վնասվածքներ և  պատճառել ծանր ֆիզիկական և բարոյական տանջանքներ, որոնք հանգեցրել են հետտրավմատիկ սթրեսային վիճակի: Դատարանը նման վերաբերմունքը որակել է որպես տանջանք և արձանագրել է 3-րդ հոդվածի խախտում:

Պետության պարտականությունը` անցկացնել արդյունավետ հետաքննություն

Կառավարությունը ընդունել է, որ պրն Լյապինի բողոքի հիման վրա արդյունավետ հետաքննություն չի անցկացվել, և տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում: Դատարանը անհրաժեշտ է համարել մանրամասն պատճառաբանել նման եզրահանգման գալու հիմքերը:

Դատարանը նշել է, որ չնայած այն արժանահավատ ապացույցներին, որ ներկայացրել են պրն Լյապինինը և դատաբժշկական փորձագետները՝ քննչական կոմիտեն մերժել է քրեական գործի հարուցումը: Քննչական կոմիտեն պրն Լյապինի վնասվածքները բացատրել է ինքնավնասմամբ և ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքներով, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանել: Ըստ քննչական կոմիտեի, նախաքննչական ստուգումը եղել է ոչ լրիվ, որը բազմաթիվ անգամ չեղարկել է քրեական գործի հարուցման վերաբերյալ իր իսկ որոշումները: Քննչական կոմիտեն մերժել է պրն Լյապինի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը, ինչի արդյունքում չի օգտագործվել քննչական գոծողությունների ամբողջ համալիրը: Հենց կառավարությունն է հայտնել Դատարանին, որ ոստիկանական անիշխանության ենթարկվածների համար արդյունավետ պաշտպանության միջոցը նախնական հետաքննությունն է: Դատարանը հիշեցրել է, որ նախկինում քննած գործերում, որտեղ ևս նման գանգատների արժանահավատության պարզման խնդիր է եղել, իրականացվել են նախաքննչական ստուգումներ: Դատարանը եզրակացրել է, որ այդ ընթացակարգը անարդյունավետ է: Պրն Լյապինի գործը ևս մեկ անգամ փաստում է, որ  ռուսական կառավարությունը մերժում է հիմնավոր բողոքի հիման վրա արդյունավետ քննության անցկացումը: Պրն Լյապինի և ոստիկանության աշխատակիցների միջև առերեսման անցկացումը կարող էր բազմաթիվ վիճելի հարցերի պատասխան տալ, ոստիկանության աշխատակիցների տված  ցուցմունքներում առկա են եղել հակասություններ, ինչը չի արժանացել պատշաճ ուշադրության: Ավելին, Պրն Լյապինը զրկվել է տանջանքների ենթարկած անձանց ճանաչման ներկայացնելու հնարավորությունից: Այս թերացումները նախաքննչական ստուգման շրջանակներում գործի հանգամանքները պարզելու հնարավորություն չեն տվել:

Հանցագործություն կատարված լինելու հաղորդման հիման վրա անցկացվող ստուգումը ինքնին չէր կարող հանգեցնել մեղավոր անձանց պատժի ենթարկելուն, քանի որ քրեական գործի հարուցումը և նախնական քննությունը համարվում են անհրաժեշտ պայման ենթադրյալ մեղավորներին մեղադրանք առաջադրելու համար, որն էլ հենց հետագայում ուսումնասիրվում է դատարանի կողմից:

Դատարանը տվյալ գործի հետ կապված ավելի խիստ հետևություններ է արել, ինչը պայմանավորված է Ռուսաստանի դեմ առկա բազմաթիվ բողոքներով, որտեղ ևս քննարկվել է իրավապահների կողմից նման վերաբերմունքի ցուցաբերումը և հետագայում այդ հիմքով քրեական գործ հարուցելու մերժումը: Այդպիսի մերժումները հանդիսանում են Ռուսաստանի կողմից 3-րդ հոդվածով իր վրա դրված պարտականություններին չհետևելու ապացույց: Բացի այդ, այս գործով այդ խախտումները չեն ուղղվել նաև ազգային դատական ատյանների կողմից, որոնք մերժել են քննչական կոմիտեի կոմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքի բավարարումը, և այդ մերժումը կայացվել է այն պայմաններում, երբ դատական մարմինները սեփական անկախ ուսումնասիրության առարկա չեն դարձրել գործի հանգամանքները, որը պարտավոր էին անել 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Ավելին, այդպիսի մերժումը ոստիկանության աշխատակիցնբերի մոտ ամրապնդել է անպատժելիության գաղափարը: Դատարանը ընդգծել է, որ իշխանության պատկան մարմինների արձագանքը անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ ամրապնդվի պետական մարմինների կողմից իրավունքի գերակայության սկզբունքին ենթարկվելու գաղափարը, և պետք է բացառվի ցանկացած դավադրության կամ անօրինական արարքի հանդուրժողականութունը նրանց կողմից: Դատարանն արձանագրել է 3-րդ հոդվածի խախտում, քանի որ պրն Լյապինի բողոքի հիման վրա արդյունավետ քննություն անց չի կացվել:

Հոդված 13

Հաշվի առնելով սեփական եզրակացությունն այն մասին, որ առկա է եղել 3-րդ հոդվածի խախտում ընթացակարգային մասով (պետության կողմից արդյունավետ քննության իրականացում)՝ Դատարանը անհրաժեշտ չի համարել պրն Լյապինի դիմումի քննությունը 13-րդ հոդվածի մասով (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք):

Արդարացի փոխհատուցում (հոդված 41)

Դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պարտավոր է պրն Լյապինին վճարել 45.000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, ինչպես նաև 3715 եվրո՝ որպես նրա կողմից կատարված դատական ծախսերի փոխհատուցում: