Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարին

Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայք-էջը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները, այնուամենայնիվ, անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց, Ն. Ֆիլոսյանը ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել և դարձել ընկերության մասնակից:

Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորություններից, և, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ն. Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաև ինքը:

Ավելին՝ Ն. Ֆիլոսյանը, որևէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող ՀԷԿ-ի ինքնակամ շինարարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ն. Ֆիլոսյանի ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին:

Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: