Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու վերաբերյալ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրից փախուստի եղանակը, փաստական տվյալներ ձեռք բերվել` կատարված ավազակությանը 4 անձի առնչության վերաբերյալ, անհատականացվել նրանց գործողությունները։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում: Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը 2017թ. հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական համաձայնություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, ով անվտանգության նկատառումներից ելնելով` առաջարկել է գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում։ Մասնաճյուղի կառավարիչը, սպառնալիքների ազդեցության ներքո, կատարել է գրավոր ներկայացված պահանջը, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հափշտակելով չհրկիզվող պահարանում առկա առանձնապես խոշոր չափերի գումարը՝ 42.709.000 ՀՀ դրամ, 105.223 ԱՄՆ դոլար, 27.325 եվրո, 439.800 ՌԴ ռուբլի և 205 ֆունտ ստերլինգ, դիմել է փախուստի։

Քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից 3-ին՝ Ա.Գրիգորյանին, Դ.Գրիգորյանին և Մ.Գալստյանին, մեղադրանքներ են առաջադրվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ավազակային հարձակմանն օժանդակելու համար, իսկ 4-րդ անձի՝ Պ.Ցիգանկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Վերջինս հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում և, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հուլիսին տեղափոխվել Հայաստան և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հուլիսի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։