Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են  «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

«Ժառանգության» համամաս նական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, իսկ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչներն օրվա ընթացքում  բակային հանդիպումներ կունենան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը: «Երևանի հանրություն» դաշինքի  քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:

«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստների» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է, իսկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը: «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

«Երևանցիներ»դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը:

Հավելենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևան քաղաքանի ավագանու ընտրություններում, այդպիսով, չունի քաղաքապետի իր թեկնածուն: