ՄԱԿ-ում դատապարտել են Իրանի իշխանություններին՝ երիտասարդ կնոջը մահապատժի ենթարկելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է Իրանի իշխանություններին՝ երիտասարդ կնոջը մահապատժի ենթարկելու որոշման համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իրանի դատական ատյանների կայացրած անարդար որոշումը մեծ հիասթափություն է առաջացրել: Իրանում մահապատժի ենթարկված կինը՝ Զեյնաբ Սեկաանվանդ Լոկրանը, 5 տարի առաջ՝ 17 տարեկանում, մեղադրվել է իր ամուսնու սպանության մեջ, իսկ հետո դատապարտվել է մահապատժի։ Դատական նիստերի ժամանակ Զեյնաբը հայտարարել է, որ ձերբակալվելուց հետո նա բազմիցս ծեծի և խոշտանգումների է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և խոստովանել է իր մեղքը հարկադրանքի ներքո։ Նա նաև բողոքել է, որ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Իրանի ներպետական դատական ատյանները երբեք չեն քննել իր ամուսնու կողմից հաճախակի իրականացվող ընտանեկան բռնության դեպքերը։ Նույնիսկ վերջին դատական նիստին Լոկրանը հերքել է նախկինում ճնշման ներքո տված իր վկայությունը, սակայն նրան զրկել են իրավական պաշտպանության իրավունքից և չեն թույլատրել օգտվել փաստաբանական ծառայությունից։

Իրանի իշխանությունների կարգադրությամբ՝ այս տարվա հոկտեմբերի 2-ին Զեյնաբ Լոկրանը ենթարկվել է մահապատժի։ Ընդամենը մեկ օր առաջ Զեյնաբի ընտանիքը ծանուցվել է Դատարանի կայացրած որոշման մասին և կարողացել է հրաժեշտ տալ նրան։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը և հատուկ զեկուցողները բազմիցս դիմել են Իրանի իշխանություններին՝ երիտասարդ կնոջը մահապատժի ենթարկելու մասին կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, սակայն, ապարդյուն։

Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել այն ​​հանգամանքի վրա, որ ձերբակալման պահին և մահապատժի դատապարտելու մասին վճիռ կայացնելու ժամանակ Իրանի իշխանությունները հաշվի չեն առել Զեյնաբի տարիքը: Գերագույն հանձնակատարը նշել է, որ անչափահաս անձին մահապատժի ենթարկելու որոշմամբ Իրանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը։ Նա նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ պետություններին արգելվում է կիրառել մահապատիժը անչափահաս անձանց և դեռահասների նկատմամբ։