ՄԱԿ-ը նշում է Տարեցների միջազգային օրը

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ը նշում է Տարեցների միջազգային օրը։ Ամբողջ աշխարհում 60 տարեկանից բարձր շուրջ 700 միլիոն մարդ է ապրում: Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը նրանց թիվը կկազմի մոտ 2 մլրդ, այսինքն՝ ամբողջ աշխարհի բնակչության 20 տոկոսը: Ասիայում և Աֆրիկայում տարեց բնակչության թիվը ավելի արագ է աճում: ՄԱԿ-ում կարծում են, որ անհրաժեշտ է աջակցել տարեց անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը և նրանց համար արժանավայել կյանք ապահովել՝ հաշվի առնելով նրանց իրավունքները, կարիքները և նախասիրությունները: Բացի այդ, տարեց բնակչությունը նույնպես կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակների իրականացման գործում։ Այդ պատճառով ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ տարեց անձանց իրավունքների և ազատությունների իրականացման ուղղությամբ։ ՄԱԿ-ը նաև հիշեցնում է, որ այս տարի նշվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը, որն ընդգծում է մարդու հիմնական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Հատկանշական է, որ հռչակագրի ընդունման գործում կարևոր դեր են խաղացել այն մարդիկ, ովքեր այսօր նույնպես տարեց են։

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի տարեց անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը հանդես է եկել հայտարարությամբ և նշել է, որ տարեցների կյանքը բարելավելու գործում մեծ ներդրում են ունեցել ակտիվիստները, իրավապաշտպանները և տարբեր կազմակերպությունները։ Նա նաև կոչ է արել կառավարություններին ավելի շատ հետևել տարեցների իրավունքների պաշտպանությանը։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն իր ելույթի ժամանակ շեշտել է, որ ավագ սերունդը հասարակության լիիրավ անդամ է։ ՄԱԿ-ը վստահ է, որ մեծահասակները կարող են կիսել իրենց գիտելիքներն ու հմտությունները երիտասարդների հետ և կոչ է անում կառավարություններին իրավական և այլ գործնական աջակցություն ցուցաբերել տարեց անձանց և միջոցներ ձեռնարկել՝ տարեցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Տարեցների միջազգային օրը հռչակվել է 1991 թվականին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 45-րդ նստաշրջանում։