ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 500 լեզվով: Աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որի մեջ առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները: Մասնակից պետությունների կողմից ընդունված հռչակագիրը և դրա սկզբունքներին հետևելու պարտավորություններն օգնել են պաշտպանել միլիոնավոր մարդկանց արժանապատվությունը և հիմք են հանդիսացել ավելի արդար աշխարհի հիմնադրման համար: Չնայած այն հանգամանքին, որ հռչակագրում շարադրված խոստումները դեռևս լիարժեք չեն իրականացվել, այն փաստը, որ այն անցել է ժամանակի փորձությունը, վկայում է իր հավերժական արժեքների կարևորության մասին:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոգեշնչում է բոլորին: Հռչակագրի մեջ ամրագրված սկզբունքները այսօր էլ ոչ պակաս կարևոր են, ինչպես և 1948 թվականին: Յուրաքանչյուրս ամեն օր առնչվում ենք մարդու իրավունքների հարցերին վերաբերող խնդիրների հետ: Երբեմն, առանց գիտակցելու, մենք վտանգում ենք բոլորիս՝ անտեսելով մարդկանց իրավունքները։ Ուստի, մենք պետք է պաշտպանենք մեր սեփական իրավունքները, ինպես նաև՝ ուրիշների իրավունքները։ Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը: