«Ձեր դատավարությունը ես համարում եմ պիղծ երևույթ». վիճաբանություն և փոխադարձ հայհոյանքներ «Սասնա ծռեր»-ի գործով նիստին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Նիստին ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը, որը փորձեց մի քանի բառ ասել, սակայն նրա խոսքն ընդհատվեց, քանի որ դատավորը թույլ չտվեց շարունակել:

«Այդ դեպքում ես հրաժարվում եմ մասնակցել նիստին: Իմ կողմից կատարված հայտարարությունը վերաբերվում է մեր գործողություններին, և ես շատ լավ գիտեմ, որ կարող եմ ցանկացած պահի հանդես գալ հայտարարությամբ»,- ի պատասխան դատավորին հայտնեց Գագիկ Եղիազարյանը:

«Ի տարբերություն մյուս դատավորների դուք ինչ-որ բան գոնե պահում եք հարգելիին մոտիկ, ուրեմն մի խանգարեք մեզ հանդես գալ հայտարարություններով»,- Գագիկ Եղիազարյանի խոսքը շարունակեց Պավլիկ Մանուկյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ հայտնեց, որ հայտրարությամբ կարող են հանդես գալ միայն նիստի վերջում. «Ոչինչ չի խանգարում օրվա վերջում հայտարարություններով հանդես գալու համար»: Որից հետո Գագիկ Եղիազարյանը լքեց նիստերի դահլիճը:

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ ՔԿՀ աշխատակիցներն իր պաշտպանյալին արգելել են իր հետ վերցնել տետրը, որի մեջ եղել են այս գործի հետ կապված անհրաժեշտ տվյալներ: Սմբատ Բարսեղյանն էլ հայտնեց, որ սկզբում փորձել են պարզել, թե այդ տետրում ինչ է գրված, երբ ինքը ցույց չի տվել որոշել են արգելել, այդ պատճառով ինքն այն թողել է խցում:

Դատվորն էլ հայտնեց, որ ինքը չի կարող այդ պարագայում լինել վերահսկող մարմին, քանի որ դա իր իրավասություններից դուրս է. «Եթե նման խնդիրներ կան կարող եք ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք կարգավորելու համար»:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ միջնորդեց հետաձգել կամ ընդմիջել նիստը, որպեսզի ինքը կարողանա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այնուհետև Սմբատ Բարսեղյանը սկսեց խոսել առանց դատավորի թույլտվության, ինչի պատճառով արժանացավ նախազգուշացման և նիստն ընդմիջվեց մի քանի րոպեով:

Նշենք, որ ընդմիջումից հետո բարձրախոսներն այլևս սեղաններին չէին, քանի որ դատավորը որոշել էր դրանք հավաքել, որպեսզի որևէ մեկն առանց իր թույլտվության այլևս չխոսի:

Այնուհետև հրապարակվեցին գործում առկա գրավոր ապացույցները, որում տեղ էին գտել նաև Ժիրայր Սեֆիլյանի վարձակալած բնակարանի վերաբերյալ փաստաթղթեր: «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ միջնորդեց գրավոր ապացույցների հրապարակմանը մասնակից դարձնել նաև Ժիրայր Սեֆիլյանին, քանի որ պետք է լսել նաև նրան:

Դատավորն էլ հայտնեց, որ դատավարության կողմ չհանդիսացող անձը չի կարող ներկա գտնվել ապացույցների հետազոտման փուլին, եթե պաշտպանական կողմը ցանկանում լսել Սեֆիլյանին, ապա հետագայում կարող է միջնորդություն ներկայացնել, և նրան որպես վկա հարցաքննել:

«Ակնհայտ է, որ վախ կա Սեֆիլյանի այստեղ հայտնվելու մեծ ազդեցությունից»,- հայտնեց Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքը փորձեց շարունակել Պավլիկ Մամուկյանը, սակայն անհասկալի պատճառով վիճաբանություն տեղի ունեցավ Մանուկյանի և դատախազ Պետրոսյանի միջև, որի ժամակ Մանուկյանը մի քանի անգամ բղավեց  «չափդ ճանաչիր»: Առանց դատավորի թույլտվության տեղից խոսեցին նաև Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը ու Գագիկ Եղիազարյանը, որի համար արժանացան նախազգուշացման:

«Մենք թքած ունենք նման դատավարության վրա, չի կարելի, դուք ոչ մի նորմի մեջ չեք տեղավորվում: Դատարանը վաղուց հեռացել է հարգելի դատարանի վրայից և իջել է գարշելիի վրա: Սա դատավարություն չէ: Դուք նշանակված եք հանցավոր ռեժիմի՝ Սերժի կողմից, ձեր դատավարությունը ես համարում եմ պիղծ երևույթ»,- իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը:

Այնուհետև իր կարծիքն արտահայտեց Սմբատ Բարսեղյանը, վերջինս որոշեց լքել նիստերի դահլիճը և չմասնակցել ապացույցների հետազոտմանը: «Քանի ես չեմ գտնվում նիստերի դահլիճում, ես հրաժարվում եմ իմ պաշտպանից»,- իր խոսքում նշեց նա:  Դատավորը որոշեց սանկցիա կիրառել Սմբատ Բարսեղյանի նկատմամբ՝ 4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից, քանի որ վերջինս չէր պահպանել դատավարական կարգը: Այնուհետև դատական նիստերի  դահլիճը լքեց նաև փաստաբան Հայկ Ալումյանը

Վիճաբանություն սկսվեց  ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների և կարգադրիչների միջև:

Անհասկանալի պատճառներով խառնաշփոթ առաջացավ նաև ներսում, քանի որ փոխադարձ հայհոյանքներ սկսեցին հնչել դատախազների և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև: Նշենք, որ բարձրախոսները հավաքվել էին սեղաններից, այդ պատճառով չկարողացանք լսել, թե ինչի համար նիստերի դահլիճից 4 ժամով հեռացվեց Արայիկ Խանդոյանը, իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում: Մի քանի պաշտպանների խոսքերով դատախազը Խանդոյանին անվանել էր ամբաստանյալ, ինչը զայրացրել էր վերջինիս  և սկսել էին հայհոյել միմյանց:

Խանդոյանի նիստերի դահլիճից հեռացվելուց հետո «Սասնա ծռեր»-ի մյուս անդամերը վեր կացան իրենց տեղից և ինքնակամ լքեցին նիստերի դահլիճը, նրանց քայլին հետևեցեին նաև ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք, վերջիններս ևս բոյկոտելով նիստը՝ հեռացան դատարանից:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ որոշեց փաստաբան Հայկ Ալումյանի համար դիմել Փաստաբանական պալատ՝ վարույթ հարուցելու նպատակով, որից հետո նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին: