ՀՔԾ. քաղաքացուն տևական ժամանակ անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել

InvestigatoryՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար:
Նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը:

Կարեն Մ.-ն հաղորդմամբ` ոստիկաններն իրեն տևական ժամանակ անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել են` ոտնահարելով իր իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: