Հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Սեֆիլյանի և մյուսների գործով դատարանն այսօր հրապրակեց դատավճիռը։

Համաձայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կայացրած վճռի՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման։ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատզրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 , Ներսես Պողոսյանը՝ 3,5, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, իսկ Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Իրենց դատավճիռն ամբաստանյալներն ընդունեցին շատ հանգիստ՝ կարծես նախապես գիտեին, որ դատավորը նման վճիռ պետք է կայացնի:

Ժիրայր Սեֆիլյանն իր դատավճիռը լսելուց հետո նույնիսկ ծափահարեց. «Բրավո: Նման վճիռներ շուտով ձեզ համար են ընթերցելու»:

Միայն Ներսես Պողոսյանը սկսեց հայհոյանքներ հնչեցնել մեղադրանքի կողմի հասցեին, սակայն նիստերի դահլիճում գտնվող ոստիկանները վերջինիս հրելով դուրս տարան:

Դատարանում ստեղծվեց լարված մթնոլորտ, ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք սկսեցին բղավել՝ «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Մահ ռեժիմին» և այլ վանկարկումներ, այնուհետև սեռական հայհոյանքներ հնչեցրին դատարանի և մեղադրող կողմի հասցեին:

Նշենք, որ, երբ դատախազները դուրս եկան դատարանի շենքից ամբոխը նրանց ետևից սկսեց բղավել՝ «տականքներ», «պատասխան ես տալու» և այլ հայհոյանքներ, նրանցից մի քանիսը նույնիսկ քաշքշեցին մեղադրող Պետրոս Պետրոսյանին, որին ի պատասխան մեղադրողը ևս հրեց նրանց:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարի ազատազրկում։