Հրապարակեց Գյումրիում սպանված 26-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով դատավճիռը

Այսօր Շիրակի մարզի ընդհնուր իրավասության դատարանում, դատավոր Աշոտ Մանուկյանը հրապարակեց Գյումրիում սպանված 26-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով դատավճիռը: Գործով ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: 

Հավելենք, որ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը, որի համաձայն Արթուր Մարտիրոսյանից  հօգուտ Ռուզաննա Ադանալյանի բռնագանձել 3 միլիոն 549 հազար դրամ։

Հիշեցնենք, որ  Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հոկտեմբերի 29-ին Ավետիք Ադանալյանի Գյումրի քաղաքի տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ,որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ավետիք Ադանալյանը, Ռուբիկ Գևորգյանը, Ռազմիկ Պետոյանը,Կարեն Շահինյանը,Արտաշես Բաղդասարյանը,Մարիամ Ուստյանը,Մանվել Նիկոլյանը,Գոռ Հարությունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Ժամը 20:30-ի սահմաններում նույն տնակում, ճաշկերույթի ժամանակ Արտյոմ Ադանալյանը հոր`Ավետիք Ադանալյանի կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է կատարել վերջինիս,ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը Արտյոմ Ադանալյանին դիմելով «Արտյոմիկ», իսկ Արտյոմ Ադանալյանը նույն կերպ պատասխանել է Արթուր Մարտիրոսյանին` դիմելով «Արթուրիկ», որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն: Ավետիքը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց,սակայն Արթուրը և Արտյոմը միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Ավետիք Ադանալյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին,ինչի արդյունքում էլ Ավետիք Ադանալյանը ընկել է գետնին: Այնուհետև Արտյոմ Ադանալյանը և Արթուր Մարտիրոսյանը դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով ընկել են գետնին ,որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը նախ ձեռքով,այնուհետև իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար, Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Արտյոմ Ադանալյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Նշենք, որ օրերս տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել, դատախազությունից պահանջելով  վերահսկողություն սահմանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում քննվող Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ գործի արդար քննության և դեպքի իրական հանգամանքների բացահայտման նպատակով։

Ռուզաննա Ադանալյանը մամուլի ասուլիսներով բազմիցս հանդես է եկել և հայտարարել, որ իր որդուն սպանել են ու բոլոր փաստաթղթերը կեղծել, սակայն ինքը  ունի ապացույցներ: Ռուզաննա Ադանալյանի պնդմամբ սպանության գործին խառնված են ավելի քանի 13 մարդ, որոնցից շատերը, դեպքի հաջորդող օրերին լքել են հանրապետությունը, իսկ մի քանիսն էլ այս գործով ընդամենը վկա են: