Հրաչյա Հարությունյանին կարող են արտահանձնել

Hrachya Harutjunyan2013 թ. հուլիսի 13-ին Մոսկվայի մերձակայքում ուղևորատար ավտոբուսին բախված բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբանները կարող են սկսել Հայաստանին Հարությունյանի արտահանձնման գործընթացը:

Այդ մասին,  «Aysor.am»-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Մասնավորապես, Թումանյանցն ասել է. «Դատական ակտն արդեն ուժի մեջ է մտել: Երեկ մենք փաստաբանների հետ քննարկեցինք նրա հնարավոր արտահանձնումը Հայաստանին: Դրա համար նա պետք է դիմում ներկայացնի ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարներին և, արտահանձնման համար խոչընդոտների բացակայության դեպքում, կվերադառնա Հայաստան, որտեղ էլ կշարունակի կրել իր պատիժը»:

Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել 2013 թ. հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ բնակավայրի մոտ ուղևորատար ավտոբուսին բախված բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին և դատապարտել 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Վթարի արդյուքում 18 մարդ էր մահացել: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327 (Փաստաթղթերի կեղծում, կեղծ փաստաթղթերի պատրաստում  կամ վաճառք) հոդվածներով:

Դատարանի որոշմամբ Հարությունյանը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, Հարությունյանին նշանակվել է 1 տարվա ուղղիչ աշխատանքների կատարում: Նա նաև 3 տարով զրկվել է պատիժը կրելուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: