Հունիսի 20-ին ՄԱԿ-ը նշում է  Փախստականի համաշխարհային օրը

«Սա բեռի տեղաբաշխման խնդիր չէ: Սա գլոբալ պատասխանատվության բաշխման հիմնախնդիրն է՝ հաշվի առնելով ոչ միայն մարդկային ցեղի մեր ընդհանուր պատկանելիության գաղափարը, այլ նաև՝ հաշվի առնելով հստակ սահմանված միջազգային իրավական պատասխանատվության սկզբունքները: Խնդիրների սկզբնաղբյուր է հանդիսանում պատերազմը և ատելությունը, այլ ոչ թե պատերազմից փախչող մարդիկ։ Պատերազմի և ահաբեկչության զոհ են դառնում առաջին հերթին փախստականները», – հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը։

Այսօր աշխարհում բռնությունների պատճառով հարյուրավոր ընտանիքներ ամեն օր լքում են իրենց երկիրը։ Անհրաժեշտ է այդ ընտանիքներին համաշխարհային հանրության աջակցությունը ցուցաբերել: Այդ նպատակով 2016 թվականի հունիսի 20-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի (ՄԱՓԳՀ) գրասենյակը կյանքի կոչեց #WithRefugees (փախստականների կողքին) նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությամբ ՄԱԿ-ը կոչ է անում տարբեր երկրների կառավարություններին ջանք չխնայել՝ փախստականներին աջակցելու և նրանց համար անվտանգ կյանք ապահովելու համար: ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ ավելի քան 1․2 մլն մարդ ստորագրել է #‎WithRefugees համերաշխության խնդրագիրը, որի գլխավոր նպատակն է՝ ամբողջ աշխարհում փախստականների համար ապահովել բնակության անվտանգ վայր, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորություն։

Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ը հարգանքի տուրք է մատուցում միլիոնավոր փախստականների քաջությանը և տոկունությանը: