Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Աիդա Հովհաննիսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի աշխատանքային հմտությունների գնահատման թերթիկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերադաս անձանց կողմից հարձակման ենթարկվելուն։

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակից։ 2012 թվականի հունվարին Դիմումատուն ծանուցել է ոստիկանությանը, որ իր բաժնի պետը և նրա տեղակալը վիրավորել և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։ Դիմումատուն բողոքի մեջ նշել է, որ բաժնի պետի հետ տարաձայնություններ են առաջացել` իր գնահատման թերթիկում կառավարչական հմտությունները ցածր գնահատելու հետ կապված։ Դիմումատուն գնահատման թերթիկի մասին գրավոր առարկություններ է ներկայացրել, և առաջացած վիճաբանության ժամանակ իր պետը և վերջինիս տեղակալը հարձակում են գործել Դիմումատուի վրա, վիրավորել են, քաշքշել են ձեռքերից։ Գործի շրջանակներում ոստիկանության քննիչը որոշում է կայացրել բժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ։ Բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Դիմումատուն իր աշխատավայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ձեռքի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով նրա մաշկի վրա կապտուկներ են առաջացել։ Այնուհետև, ոստիկանության քննիչը հարցաքննել է Դիմումատուի վերադաս անձանց և նախարարության մյուս աշխատակիցներին, սակայն վերջիններս ամբողջովին հերքել են աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Դիմումատուի ներկայացրած տարբերակը։ Հիմք ընդունելով Դիմումատուի բաժնի պետի և նրա գործընկերների կատարած վկայությունները՝ Դիմումատուի գործով քննիչը մերժել է Դիմումատուի բողոքը քրեական գործ հարուցելու մասին։

Դիմումատուն քննիչի կայացրած որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ ՀՀ գլխավոր դատախազը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ ապացույցների բացակայության հիմքով։ Այնուհետև, Դիմումատուն բողոք է ներկայացրել ներպետական դատական ատյաններին և նշել է, որ Դատախազությունն իր գործով որոշում կայացնելիս հաշվի չի առել նախկինում իրականացված բժշկական փորձաքննության արդյունքները։  2012 թվականի մայիսին ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բոլոր բողոքները՝ հիմնավորելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դիմումատուի գործով կայացրել է հիմնավոր և արդարացի որոշում։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր աշխատանքի վայրում վերադաս մարմինների կողմից խոշտանգումների ենթարկվելու և նվաստացնող վերաբերմունքի արժանանալու մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել իր գործի քննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։