ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Սեուլում հանդիպել է «Samsung»-ի հայազգի աշխատակիցների հետ

Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել «Samsung» ընկերությունում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաև Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող:
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայության՝ երիտասարդ մասնագետները նախարարին պատմել են ընկերությունում իրենց առաջխաղացման ու հաջողությունների մասին: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել, եթե երիտասարդները ցանկություն ունենան ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ նախաձեռնել ՏՏ կորպորացիաների` հետազոտական կենտրոնների կամ արտադրության հիմնում մեր երկրում:
Երկկողմ հանդիպմանը ներկայացվել են նաև ՏՏ ոլորտում նախարարության լիազորությունների շրջանակը, նախագծերին աջակցության մեխանիզմները:
Հանդիպման մասնակիցները խոսել են հարավկորեական ՏՏ ոլորտի զարգացումների մասին, ներկայացրել տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգերի յուրահատկությունները:
Վահան Մարտիրոսյանը հայ մասնագետներին առաջարկել է համագործակցել Հայաստանի քաղաքներում տրանսպորտային հոսքի մոնիտորինգի համակարգի մշակման նախագծի շրջանակներում: